կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-14 19:34
Տնտեսական

Խթանվում են հերթական ներդրումային ծրագրերը

Խթանվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշմամբ «ԱՆԴ» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Ներմուծվող սարքավորումներն ու հումքն ընկերությունն օգտագործվելու է գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, մեղրի արտադրության մեջ: Ծրագրի արժեքը կազմում է 68,5 մլն ՀՀ դրամ: Նախատեսվում է ստեղծել 12 հիմնական և 44 սեզոնային աշխատատեղ: 

Նույն արտոնությունից օգտվելու թույլտվություն է տրամադրվել նաև «ԼԵՎ էներջի» ՍՊԸ-ին: Ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3,8 մլրդ ՀՀ դրամ։ Նախատեսվում է ստեղծել 9 նոր աշխատատեղ՝ 115 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: «ԼԵՎ էներջի» ՍՊԸ-ին կառավարության մեկ այլ որոշմամբ տրամադրվել է նաև ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: 

Գործադիրը որոշել է նաև «Արոյան» ՍՊԸ-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրել: Ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել ոսկերչության ոլորտում՝ 8 տարվա ընթացքում իրականացնելով 11 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

Ընթացիկ տարում նախատեսվում է բացել 5 նոր աշխատատեղ, իսկ մոտակա 8 տարիներին՝ մինչև 100 նոր աշխատատեղ` 300 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով: Ընկերությունը պլանավորում է արտահանումն իրականացնել հետևյալ հիմնական ուղղություններով՝ ՌԴ, Ղազախստան, ԱՄԷ, Կատար, Բահրեյն, Քուվեյթ, Օման: Արտադրանքի արտահանման տարեկան ծավալը կկազմի մոտ 2,5 մլն ԱՄՆ դոլար: