Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց խեցգետնի ապօրինի որսի կանխարգելման վերաբերյալ: Վարչապետի խոսքով` իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ջրային ավազաններում, հատկապես` Սևանա լճի ավազանում, պարզվել է, որ խեցգետնի չափաքանակները նվազել են: Ստեղծված իրավիճակը, ըստ նրա, պայմանավորված է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգմամբ, որսի թույլտվության կարգի ոչ պատշաճ վերահսկողությամբ, այնպես էլ Հայաստան ներկրված` խեցգետնի որսի համար նախատեսված ոչ համապատասխան ցանցերի կիրառմամբ:
Ելնելով վերոնշյալ խնդրից` վարչապետը հանձնարարեց բնապահպանության նախարարին` գործնականում բացառել նախորդ տարիներին տրված` որսի թույլտվությունների ժամկետների երկարաձգման կամ վերաձևակերպման դեպքերը, երկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ` հատկապես անդրադառնալով որս իրականացնողների պարտականությունների հստակեցմանը, ներկայացնել թույլատրվող որսագործիքների և ցանցերի նկատմամբ հստակ չափանիշներ: Բնապահպանության նախարարության ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարվեց ուժեղացնել հսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ:
«Ռեսուրսն իրականում նվազել է, և այդ ոլորտը, որը համարում ենք հեռանկարային, այսօր ճգնաժամային վիճակում է»,- ասաց ՀՀ վարչապետը և, դիմելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, նշեց, որ պետք է շատ շտապ միջոցներ ձեռնարկել: