Սեպտեմբերի 1-ին, ինչպես հանրապետության բոլոր կրթօջախներում, այնպես էլ ռազմաուսումնական հաստատություններում, մեկնարկել է նոր ուսումնական տարին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 1-ին` նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, այցելել է ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան, մասնակցել ռազմակրթական հաստատության 1-ին կուրսի կուրսանտների հանդիսավոր երդման արարողությանը:
Պաշտպանության նախարարը ողջունել է զինված ուժերի ապագա սպաներին, շնորհավորել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Ընդգծելով բանիմաց ու գրագետ սպայի դերն ու նշանակությունը մեր երկրի անվտանգության ապահովման գործում, Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ շուտով համալսարանի բոլոր կուրսանտները կստանան նաև անձնական էլեկտրոնային գրքերի շտեմարաններ, ինչը կնպաստի ուսումնական գործընթացի արդյունավետությանը:
Երդման արարողությունից հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է ռազմաավիացիոն համալսարանի տարածքում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին, հետևել համալսարանում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում նոր ուսումնական տարվա մեկնարկը ևս ազդարարվել է հանդիսավորությամբ՝ զինվորական կարգով ու նվագախմբի հնչյունների ներքո:
Տոնական օրվա առթիվ կուրսանտներին շնորհավորել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հորդորել է ռազմական համալսարանի կուրսանտներին լավ սովորել, քանի որ հաջողության հասնելու և լավ հրամանատար դառնալու առաջին ու ամենակարևոր նախապայմանը գիտելիքն է: