Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կարիք չկա այստեղ որևէ սենսացիա փնտրել»,- այսօր Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի արեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանն՝ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովի կարծիքով` դա հեռացող համանախագահի հայտարարություն էր, ով որևէ նոր բան չի ասել:
«Եթե նույնիսկ նայենք, կտեսնենք, որ ամերիկացի համանախագահները հեռանալուց առաջ տեղեկացնում են, թե ինչ փուլում է, ինչի վրա է եղել, և այն ավելորդ աղմուկը, որ կա մեր մամուլում, որ Հոգլանդն ասաց, որ Մոսկվայի փոխարեն Վաշինգտոնն ասաց, ես դրա հետ համաձայն չեմ»,-ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով` ամերիկացի նախկին համանախագահը նոր բան չի ասել, բացի այդ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր սպառիչ պատասխան տվել է. «Ղարաբաղի հարցում գոնե վերջին տարիներին չի եղել մի հայտարարություն, որի շուրջ ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահները համակարծիք չլինեն: Բոլոր հայտարարությունները երեք համախագահների հայտարարություններն են»,-ասաց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է առաջարկված 6 կետերին, ապա Շարմազանովը հիշեցրեց, որ Հոգլանդի այսպես կոչված կետերը մադրիդյան սկզբունքների հիմքն են, ապա և Կազանյան փաստաթղթի:
«ՀՀ-ն, Արցախի հանրապետությունը մեկ անգամ չէ, որ մեր կարծիքն ասել ենք: Մենք ասել ենք, որ առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի պարտադիր կամարտահայտությունը, նորը ո՞րն է: Ես ևս մեկ անգամ կրկնեմ՝ Արցախը Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու, Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է, խնդրի առանցքը Արցախի ժողովրդի պարտադիր կամարտահայտումն է հանրաքվեի միջոցով: Փոխզիջումներ, այո, պետք են, բայց մինչև դրանց մասին խոսելը, Ադրբեջանը պիտի ցույց տա, թե որն է իր փոխզիջումը: Այս 6 կետերից կամ գոնե մադրիդյան սկզբունքների նորացված կազանյան փաստաթղթից Հaյաստանը չի հրաժարվել, Ադրբեջանն է հրաժարվել, իսկ մարդկային տրամաբանությունը հուշում է, որ սովորաբար հրաժարվում է այն կողմը, որին ձեռնտու չէ այն: Բանակցային գործը ադրբեջանական կողմն է մերժում»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: