| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գերմանիան մտադիր է Թուրքիայի համար բարդացնել Եվրամիություն Եվրոպական ներդրումային բանկից վարկեր ստանալու գործընթացը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Diken» թերթի կայքը:
Եվրոպական ներդրումային բանկում բաժնետոմսեր ունեն ԵՄ անդամ բոլոր 28 երկրները: Մինչ օրս բանկը Թուրքիային 25.8 մլրդ լիրայի (շուրջ 7.37 մլրդ դոլար) վարկ է տրամադրել: Այդ վարկերը հիմնականում տրամադրվել են Թուրքիայի կառավարությանը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավարած ՏԻՄ մարմինների ենթակառույցներին և «զարգացման նախագծերին»:
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը հղում կատարող թուրքական կայքի համաձայն՝ գերմանացի պաշտոնյաները տեղեկացրել են, որ Թուրքիայի կողմից բանկին ներկայացված դիմումներին այսուհետ «այլ մոտեցում է ցուցաբերվելու»:
Պաշտոնյաները հիշեցրել են, որ Թուրքիան հեռացել է ԵՄ նպատակներից և ժողովրդավարական ու օրինական երկրի սկզբունքներից, ինչի պատճառով այսուհետ Թուրքիայի կառավարությանը, ԱԶԿ-ի տեղական ինքնակառավարման մարմիններին, իշխանությանը մոտ կանգնած տարբեր կառույցների և կազմակերպությունների տրամադրվող վարկերի համար որոշակի սահմանափակումներ կսահմանվեն:
«Թուրքիային տրամադրվող վարկերը լիովին չեն դադարեցվի, այն նախագծերը, որոնք հավանության կարժանանան, կշարունակեն աջակցություն ստանալ», - հավելել է գերմանացի պաշտոնյան, որի անունը չի նշվում. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիան սահմանափակել է նաև դեպի Թուրքիա կատարվող արտահանումների և ներդրումների համար տրամադրվող «Hermes» վարկային երաշխիքների վերին շեմը: Գերմանացի պաշտոնյաների խոսքով՝ այսուհետ Թուրքիային կատարվող վճարումները «ավելի մանրակրկիտ կերպով կուսումնասիրվեն»: