Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանությունը հայտարարում է հանրային քննարկման մասին։ Նախատեսվում են փոփոխություններ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում։
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով:
Գործող օրենսդրությունը որոշ իրավահարաբերություններ ամբողջությամբ և հստակ չի կարգավորում, իսկ որոշ փաստացի գոյություն ունեցող իրավահարաբերություններ ընդհանրապես դուրս են մնացել օրենսդրական կարգավորումներից, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ ճանապարհային երթևեկության մասնակիցների համար:
Առաջացած խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է գործող օրենքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով.
1) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝
- սահմանված հասկացությունները հստակեցնել և համապատասխանեցնել ներկայիս պահանջներին, ինչպես նաև սահմանել նոր հասկացություններ,
- մաքսային ռեժիմների անվանումները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը,
- առավել հստակ սահմանել տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը,
- նախատեսել մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում տրանսպորտային միջոցը պատասխանատու պահպանության հանձնելու և պահպանվող հատուկ տարածք չտեղափոխելու հնարավորություն,
- տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը՝ համարանիշերը հանելու միջոցով արգելելու ընթացակարգի փոխարեն նախատեսել շահագործումը՝ հաշվառման վկայագիրը վերցնելու միջոցով արգելելու ընթացակարգ,
- հստակեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, վերացնել ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ առկա հակասությունները,
- կարգավորել վարորդական վկայականներ տալու, փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու, ինչպես նաև վարորդական վկայականի (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա վարորդական վկայականի) գործողության, վարելու իրավունքը դադարելու, վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները,
- սահմանել մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, իսկ դրանք վարելու համար էլ վարորդական վկայական ունենալու պահանջ.
2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի՝
- 123.6-րդ հոդվածում ձյունագնացից բացի նախատեսել նաև քվադրոցիկլը (մոտոամենագնացը) և ձյունաճահճագնացը, քանի որ դրանք ևս հանդիսանում են արտաճանապարհային փոխադրամիջոցներ և դրանց շահագործումն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ևս արգելված է,
- 124.6-րդ հոդվածի 2-4-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հանելով նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի գործերով վարույթին վերաբերող դրույթներ սահմանող 5-րդ և 6-րդ մասերը.
3) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 17-րդ, 17.1-ին, 25-րդ, 26-րդ կետերում և 20-րդ հոդվածի 1-ին կետում օգտագործվող «ավտոմեքենա», «պետական համարանիշներ», «տեխնիկական անձնագիր», «գրանցման վկայական» հասկացությունները համապատասխանեցնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի գործող օրենսդրության պահանջներին:
Օրենքների նախագծերի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառում կբարձրացվի պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները: