կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-02 23:11
Մշակույթ

Համերգ-դրամահավաքի արդյունքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 30 մլն դրամ

Համերգ-դրամահավաքի արդյունքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 30 մլն դրամ

Արմեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ահա և ավարտվեց մեր չորս հրաշալի համերգ-դրամահավաքների շարքը: Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը` յուրաքանչյուր օր, քաղաքի կենտրոնական վայրերում Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը կատարեց սիրված ստեղծագործություններ, Շուշան Պետրոսյանի կատարմամբ հնչեց Ավետ Բարսեղյանի և Արման Ղազարյանի հեղինակած «Անունս Արցախ է» ֆանտաստիկ երգը:

Դրամահավաքն այսօր ամփոփվեց բոլորիս ակնկալիքները գերազանցող արդյունքով` 30 մլն դրամ, որը փոխանցվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Երգը Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի առաջարկով դարձավ Հիմնադրամի պաշտոնական օրհներգը:

Անչափ շնորհակալ եմ իմ ընկերներին` Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներին, ովքեր ժամերի ընթացքում կազմեցին ծրագիրը, իրականացրեցին բոլոր մշակումները և ֆենոմենալ ելույթներ ունեցան, շնորհակալ եմ նվագախմբի պրոֆեսիոնալ աշխատակազմին կարճ ժամանակում բոլոր կազմակերպչական խնդիրները լուծելու համար, PARA TV ին ինֆորմացիոն աջակցության համար, Օվացիա և Օն Օֆ կազմակերպություններին տեխնիկական լուծումներով աջակցելու համար, Էվոկա բանկին դրամահավաքները տեղում հավաքագրելու և արդյունքը կրկնապատկելու համար, Սերգեյ Սմբատյանի ընտանիքին, Գաբրիել Չենբերջյանին, Արևշատ Մելիքսեթյանին խոշոր նվիրաբերությունների համար, Արման Մարգարյանին և Ավետ Բարսեղյանին միջոցառումները վարելու համար, և հատուկ շնորհակալություն Վիգեն Սարգսյանին, առաջնահերթ նրա համար, որ Հիմնադրամը կա և իհարկե հանգանակությունների ընդհանուր թիվը ընկերների հետ կրկնապատկելու համար:

Այն ինչ վաղուց թվում է արդեն սովորական իրողություն է, Վիգեն Սարգսյանի տիտանական ջանքերի արդյունքն է, մարդ ով ամեն տեսակ դժվարություններ հաղթահարեց, և արեց մի գործ, որը տարիներ կապրի և արժանապատիվ ձևով կապրեցնի նրանց, ովքեր ամենաարժանին են:

Ճիշտ են ասում, որ երբ լավ մարդիկ հավաքվում են լավ նախաձեռնությունների շուրջ ամբողջ տիեզերքն է նպաստում դրանց հաջողությանը:

Շնորհակալ եմ ընկերներ, որ հավատացիք, որ կես բառից միացաք և անշահախնդիր ու սրտացավ գնացիք մեզ հետ մինչև հաղթական ավարտ!

Մենք հաղթելու ենք գործով, հաղթելու ենք, քանի որ ճիշտը մենք ենք, նպատակը մեր արդար է ու դժվարին պահերին մենք միշտ միասնական ենք: Հպարտ եմ, որ հայ եմ, իրոք բախտներս բերել է»: