կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-15 11:58
Հասարակություն

Կարոտը կվերադառնա, երբ ազատագրվի Շահումյանը

Կարոտը կվերադառնա, երբ ազատագրվի Շահումյանը

Աղբյուրը՝ arfd.am

25 տարի առաջ հունիսի 13-ին տեղի ունեցավ Շահումյանի անկումը: Ռուսական եւ ադրբեջանական ռազմական ուժի հետ բախման ժամանակ անհետ կորավ դաշնակցական ջոկատի հրամանատար Կարոտ Մկրտչյանը:

2017 թ հունիսի 13-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ երեկո ի հիշատակ Կարոտ Մկրտչյանի: Երեկոյի ընթացքում Կարոտ Մկրտչյանին նվիրված խոսք ասացին կուսակցական ընկերներ Արտաշես Շահբազյանը եւ Տարոն Տոնոյանը:

Այնուհետեւ հաջորդեց համերգային ծրագիրը:

Ներկայացնում ենք Արտաշես Շահբազյանի ելույթը.

Սիրելի ներկաներ, ընկերներ.

Մարդը, ում բացակայության 25 տարվա առիթով հավաքվել ենք այսօր, կարող էր արցախյան ազատամարտի ամենահեղինակավոր ու ճանաչված գործիչներից մեկը դառնալ, եթե բախտ վիճակվեր ավելի ծավալուն կենսագրություն կերտել իր համար: Եւ այնուամենայնիվ, անգամ ազատամարտիկի ոչ շատ երկար ուղի անցնելով, նա հասցրեց դրսեւորել իրեն, որպես քաջ ու նվիրյալ մարտիկ, խելացի ու ոգի ներշնչող հրամանատար: Ասում ենք, որ անփոխարինելիներ չկան: Հենց կոնկրետ օրինակի վրա կարելի է վկայել, որ 2016-ի ապրիլյան քառօրյայի դերակատար, ինչպես եւ այսօր, հենց այս պահին, թշնամու հնարավոր սադրանքներին հանդիման անհողդողդ կանգնած 18-20 տարեկան մեր տղաները ապացուցում են, որ չեն զիջում 90-ականների հաղթանակը կերտած սերնդին, ապացուցում են, որ հայի գենը չի սպառվել եւ այսօր ու վաղը եկող յուրաքանչյուր սերունդ ունակ է լինելու կյանքի գնով պաշտպանելու հայության արժանապատվությունն ու արդար դատը:

Ասվածով հանդերձ պիտի ընդունենք, որ յուրաքանչյուր անհատականություն յուրովի անկրկնելի է ու ինքնատիպ: Այդպիսին էր նաեւ Կարոտը, որ կմնա իրեն ճանաչած մարդկանց եւ առհասարակ, հայոց նորօրյա ազատամարտի պատմության մեջ իր ուրույն կերպարով եւ անցած ճանապարհով:

Դեռ այն օրերին, երբ բոլորը հավասար ու հասարակ էին Կարոտը հիշեցնում էր մեր հին ֆիդայիներին: Նա կարծես Գալեն լիներ՝ քչախոս ու ներհուն, բայց անվախ ու պատի պես աներեր: Կապուտաչյա, դեմքին առնականություն հաղորդող սրածայր բեղով նա հիշեցնում էր Սեպուհին ՝ ժայռեղեն հավատով, թշնամու նկատմամբ անզիջում ու անխնա, հրամանատարի ձիրքով եւ իր շրջապատին դեպի իրեն ձգող մարդկային հմայքով:

Կարոտն իր մտերիմ ընկերների եւ մասնավորապես հրաշալի եռյակն ամբողջացնող Պետոյի ու Հրաչի հետ Դաշնակցություն եկավ, երբ կուսակցությունը հայրենիքում դեռ անաղմուկ ձեւավորման փուլում էր: Այդ առաջին օրերին անգամ, նա եւ իր ընկերները հասուն էին գաղապարապես, իսկ ամենաչնչին հանձնարարության հարցում ունեցած լրջությամբ կարծես կանխազգում էին այն ճակատագրական մարտահրավերները, որ հերթով ձեռնոց էին նետելու նրանցից յուրաքանչյուրին: Սասունցի պապերի կիսատ թողած գործը, կարծես անայլընտրանք էր դարձնում Կարոտի առջեւ բացվող կռվի ճանապարհը: Նա կամավորապես կանգնեց այդ ճանապարհի վրա, երբ դեռ նոր-նոր էր սկսվում պայքարը, երբ շատերի համար լուրջ մտահոգության խնդիր էր, թե սկիզբ առած քամիները ինչ փոթորիկներ են ծնելու: Կարճ ժամանակում Կարոտը կայացավ այդ փոթորիկների մեջ, որպես վարժ զինվոր ու ետեւից մարդ տանող հմուտ հրամանատար: Եղավ տարբեր ռազմական գոտիներում, դրսեւորեց ինքնապաշտպանություն կազմակերպելու հմտություն, լուրջ առճակատումների մասնակից եղավ եւ ապրեց Գետաշեն-Մարտունաշենի անկման ծանր ցավը: Իսկ երբ հնարավորություն ընձեռվեց մասնակից դառնալու կորսված տարածքների ազատագրման գործողությանը, նրա աչքերն այրվում էին, կարծես ցանկանում էր ժամ առաջ հայտնվել այդ կռվի մեջ: Ինձ համար անմոռանալի է եւ տարբեր առիթներով հիշել եմ մի խոսակցություն, որ ունեցա այդ օրերին Շահեն Մեղրյանի հետ Ազատամարտի խմբագրությունում , որի հարկաբաժնի մեկ սենյակում էլ այն ժամանակ գործում էր Բյուրոյի գրասենյակը: Շահենը մեծ պատրաստությունների հեւքով այցելել էր Բյուրոյի Գրասենյակ, լուսահոգի ընկեր Խաժակի մոտ: Միջանցքում բռնացնելով հարցրեցի, թե ինչ է սպասվում Գետաշենի հետ կապված: Շահումյանի ինքնապաշտպանության հրամանատարը պատասխանեց կարճ մեկ նախադասությամբ. «Կարոտն արդեն այնտեղ է»: Կարծես ավելին ասելու անհրաժեշտություն չկար, էլ ինչ երաշխքիք էր անհրաժեշտ, եթե հայդուկապետի կողքին պիտի կանգներ Կարոտի նման հուսալի զինվորն ու հրամանատարը:

-Առանց Գետաշենն ազատագրելու հետ չեմ գա,- ընկերների մոտ ասել էր Կարոտը: Եւ այդպես էլ եղավ: Երբ խորհրդային երկրի մեծ դավադրությանը զոհաբերվեց Շահումյանը, կարծես փակվեց նաեւ Կարոտի ետդարձի ուղին: Ու նա ընտրեց անէության ճանապարհը:

90-ականների այն հագեցած օրերից մի օր Կարոտը, ուրիշ մի քանի ընկերների հետ, այցելել էր Ավանի մեր կոմիտեություն: Իր մեքենայով դեպի Աղի հանք էինք իջնում, երբ հասնելով այն ժամանակ գործող կոոպերատիվ տեխնիկումին Կարոտն ասաց,-այստեղ սովորող մի աղջկա էի ուզում, շան աղջիկը մերժեց, ասաց.«Դաշնակցական ես, կգնաս, կմեռնես»: Պատմեց Կարոտն ու զուլալ, իր ներսի ամենախորքերից քրքջաց անչար: Ես զարմացել էի, թե հայ երիտասարդը ինչպես արժանապատվությունը խոցող չհամարեց այսպիսի խոստովանությունը: Հետո հասկացա, որ դա մեկ դրսեւորումն էր իր պարզ ու անհավակնոտ էության: Հասկացա, որ այդ անմիջականությունն ու պարզությունը , որ հատուկ է մեծ մարդկանց բխում էր հարուստ ներաշխարհից: Ներքնապես դատարկ մարդիկ են, որ փորձում են արտաքին փայլ ու փքուն կերպար ստեղծել իրենցից, իսկ ներքին հարստությամբ արժեւորված մարդը պարզ է, համեստ ու անմիջական: Կարոտի օրինակով կարող ենք վկայել, որ այդպիսի մարդը առաջ չի ընկնում վերջնական խոսք ասելու համար, շրջապատից ներողամտաբար քայլը կիսով ետ է պահում, լինում է ներողամիտ, բայց եւ պատրաստակամ դիմացինին օգնության ձեռք մեկնելու հարցում: Կարոտի էությանը հատուկ էր այն ինչ Համո Սահյանն ու Հրանտ Մաթեւոսյանն անվանում են, հայ գյուղացու, հայ շինականի, ազնվականություն: Այդ ազնվականությունը ոչ տոհմական ժառանգականության հետ կապ ունի եւ ոչ էլ ձեռք բերովի է, այդ ազնվականությունը բխում է փոխանցված արժեհամակարգից, ներքին անկաշառ էությունից:

Եթե Կարոտի համար երջանիկ բարեբախտություն էր հասունանալ մի ժամանկահատվածում, երբ պետք է բռնկվեր ազգի ընդհատված ազատագրական պայքարը, ապա անմարսելի ողբերգություն էր հայրենի սրբազան հողի նոր կորուստը, գուցե եւ այն ինքնամեղադրանքի անտանելի բեռով, որ հենց դու չկարողացար պաշտպանել ու կորցրեցիր այդ հողը: Բայց պիտի հավատանք Կարոտի վերադարձին: Նա հիմա էլ մշտապես անշշուկ քայլում է մեր կողքից, սակայն կմիանա մեզ, երբ կազատագրվի Շահումյանը: Ինքը կդառնա այդ ազատագրված հայրենիքի մասնիկը:

Սիրելի ներկաներ ցանկանում եմ խոսքս ավարտել, տալով հոգու եւս մեկ կարեւոր պարտք: 25 տարի առաջ, այս օրը Բուզլուխում զոհվեց Գարիկ Սարգսյանը, Կարոտ Մկրտչյանի հետ անհայտության ճամփով գնացին Ալեքսանդր Ասատրյանը,Գառնիկ Հովհաննեսյանը, Համազասպ Նահապետյանը, Արեգ Սուղյանը, Դավիթ Հովհաննեսյանը, Վալերի Խաչատրյանը, Սանասար Սիմոնյանը:

Այս անունները թանկ են ոչ միայն իրենց հարազատների, այլեւ մարտական ընկերների համար, որոնց մի մասն էլ ներկա է այս դահլիճում: Այս անունները թանկ են մեզ ու մեր սերունդների համար, որովհետեւ պատկանում են հաղթական ազատամարտի պատմությանը: Փառք ու հավերժություն իրենց բոլորին: Փառք ու հավերժություն Կարոտին, Պետոյին, Հրաչին: Բոլոր այս մարդիկ մեզ համոզեցին, որ հայ լինելը հպարտություն է եւ երջանկություն: Նրանք իմաստավորեցին մեր ապրելը եւ դրա համար շնորհակալություն ու խոնարհում մինչեւ գետին: Փառք ու պատիվ բոլոր հերոսացած հայորդիներին: