Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ալավերդիում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 12։20-ի սահմաններում, անհայտ անձը Ալավերդի քաղաքում գտնվող սուպերմարկետի հարևանությամբ գտնվող ծաղկի խանութի մոտ կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ` 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա։
Yerkir.am-ի տեղեկություններով` դեպքի վայրի զննությամբ` իրավապահները պարկուճներ են հայտնաբերել նաև ծաղկի խանութում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջին կրակոցները եղել են հենց սրահի ներսում:
Մեր տեղեկություններով` սպանված Կամո Փիրուզյանի եղբայրը` 33-ամյա Վարդան Փիրուզյանը (լուսանկարում), ներկայումս գտնվում է հետախուզման մեջ` երկու անձի սպանության մեղադրանքով:
Հիշյալ դեպքը տեղի էր ունեցել 2016 թվականի մայիսի 19-ի գիշերը Ալավերդիում` Փիրուզյանների տան մերձակայքում՝ Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկի 22-րդ շենքի բակում: Քննության տվյալներով` Վ. Փիրուզյանը հրազենային վիրավորում է հասցրել Վարդան Ավագյանին և Էդուարդ Պողոսյանին, ինչի հետևանքով նրանք մահացել են: Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն` կրակահերթին նախորդել է վիճաբանություն և քաշքշուկ:
Որոշ տեղեկությունների համաձայն` Վարդան Ավագյանը, Էդուարդ Պողոսյանը և մի քանի այլ անձինք իբր հարձակվել են Փիրուզյանի վրա, և նա, խլելով հարձակվողներից մեկի ատրճանակը, կրակոցներն ուղղել է նրանց ուղղությամբ:
Ներկայումս Վարդան Փիրուզյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում` սպանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով:
Թե որքանո՞վ Կամո Փիրուզյանի սպանությունը առնչություն ունի վերը նշված դեպքի հետ, կպարզի քննությունը: