կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-09 22:44
Տնտեսական

Առանցքային թեման 2019 թ-ին Հայաստանում կայանալիք ՏՏ ամենամյա Համաշխարհային կոնգրեսն է

Առանցքային թեման 2019 թ-ին Հայաստանում կայանալիք  ՏՏ ամենամյա Համաշխարհային կոնգրեսն է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուին, ով Հայաստան է ժամանել նաև «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար: 

Ողջունելով հյուրին` նախարարը վստահեցրել է, որ ի դեմս ՀՀ կառավարության, ալյանսը Հայաստանում ունի հուսալի գործընկեր: 

Կողմերը քննարկել են Հայաստանում ՏՀՏ ոլորտի աճի ներկա միտումները և զարգացման հեռանկարները: Նախարարն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը մեր տնտեսության գերակա ճյուղերից է, որտեղ վերջին տարիներին շոշափելի հաջողություններ ենք գրանցել: Զարգացման բարձր մակարդակի վրա է նաև հեռահաղորդակցության ոլորտը, երկրի ողջ տարածքում ունենք որակյալ կապ և բարձր արագության ինտերնետ ցանց:

Հանդիպման առանցքային թեման 2019 թ. ՏՏ ամենամյա Համաշխարհային կոնգրեսն է: Լայնամասշտաբ բարձր տեխնոլոգիական այս միջոցառումն առաջին անգամ հյուրընկալելու է Հայաստանը: Կազմակերպչական աշխատանքները կիրականացնեն Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու ԻՏՁՄ-ն համատեղ:

Համաշխարհային ալյանսի նախագահը նշել է, որ Կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները բավական բարդ ու ժամանակատար են, այդ իսկ պատճառով պետք է սկսել պատրաստվել այսօրվանից. ընտրել Հայաստանի ճիշտ բրենդինգը, որով երկիրը պիտի ներկայանա մասնակից երկրներին ու միջազգային ընկերություններին:

Իվոն Չիուն նախարարին հրավիրել է ներկա գտնվելու Թայվանում կայանալիք ՏՏ Համաշխարհային կոնգրես 2017-ին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն