կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-08 14:20
Քաղաքական

Մտահոգությունն այն էր, որ օրենքը կլյաուզնիկներին չխրախուսի. Ռուստամյանը՝ ՀՅԴ խմբակցության պատգամավորի ելույթի մասին

Մտահոգությունն այն էր, որ օրենքը կլյաուզնիկներին չխրախուսի. Ռուստամյանը՝ ՀՅԴ խմբակցության պատգամավորի ելույթի մասին

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի երեկվա ելույթին, որի ընթացքում նա դժգոհություն էր հայտնել հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին նախագծի` ազդարարի ինստիտուտին վերաբերող մասից: Պատգամավորի խոսքով՝ Կարապետյանի մտահոգությունն այն էր, որ օրենքն ի չարս չօգտագործվի:

«Ինչպես մի շարք այլ պատգամավորներ նույն մտահոգությունը հայտնեցին, այնպես էլ` նա: Ուղղակի մի քիչ մտքերն այնպես ձևակերպեց, որ ուրիշ բան ստացվեց: Մենք այդ օրենքին կողմ ենք եղել, ինքներս էլ աշխատում ենք, որ քննարկում տեղի ունենա, և, ընդհանրապես, մեր մոտեցման մեջ է տեղավորվել պայքարող մարմնի ստեղծման հարցը: Ազդարարների մեխանիզմը նոր է գործադրվելու Հայաստանում: Մտահոգությունն այն է, որ ի չարս չօգտագորվի, չծայրահեղացվի, այսպես ասած` կլյաուզնիկներին չխրախուսի»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով. «Մի քիչ այնպես ձևակերպեց, որ քննադատեցին, թե չէ` այստեղ գործ տալու հարցը չէ. եթե իրական հանցանք կա, որ տեսել ես, քաղաքացու պարտականությունն է ասել և ոչ թե հանցագործ աշխարհին բնորոշ ձևով թաքցնել, որևէ մեկի հանդեպ քրեական հետապնդում չառաջացնել»:

Պատգամավորն ասաց նաև, որ զրուցել է Անդրանիկ Կարապետյանի հետ, և նա էլ ասել է, որ իր մտահոգությունը վերաբերում էր նրան, որ օրենքի նախագիծն ի չարս չօգտագործվի: