Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ս. թ. հունիսի 6-ին կմեկնարկի Ա. Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի առաջին անգամ կանցկացվի «Վոկալ» մասնագիտությամբ։
Մրցույթի ժյուրիի նախագահն է ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։
Ժյուրիի կազմում են Իզաբել Բայրաքդարյանը /Պլասիդո Դոմինգոյի հեղինակավոր «Օպերալիա» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, «Ջունո» մրցանակակիր, կանադահայ սոպրանո/, Ջոն Ֆիշերը /դիրիժոր, օպերային ռեժիսոր, վոկալի ուսուցիչ և երաժշտական պրոդյուսեր, Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ/, Գևորգ Հակոբյանը /օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ/, Մարկ Հիլդրյուն /«Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ/, Ջորջ Պարոդին /դիրիժոր, Մանհեթենի երաժշտական դպրոցի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն/, Ռիչարդ Ռոդզինսկին /երաժշտագետ, Piano Competition for Outstanding Amateurs միջազգային մրցույթի հիմնադիր/, Ջամպիերո Սոբրինոն /հանրահայտ կլարնետահար, մանկավարժ/, Անդրեյս Ժագարսը /«Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի մանկավարժ/, Էդուարդ Թոփչյանը /Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր/:
Մրցույթի պատվավոր հյուրերի թվում են Էլժբետա Պենդերեցկան /Խաչատրյանի անվան մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ, Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն/, Աննա Մարչվինսկան /դաշնակահար, Teatr Wielki/Opera Narodowa-ի վոկալի գլխավոր մասնագետ/, Դայան Զոլան /Houston Grand Opera-ի գեղարվեստական ադմինիստրացիայի ղեկավար, Aspen Music Festival and School-ի մանկավարժ/, Հովարդ Ուոթքինսը /դաշնակահար, Մետրոպոլիտեն օպերայի դիրիժորի օգնական/, Կորնելիա Մուխը /Midem երաժշտական փառատոնի ավագ ներկայացուցիչ/, Գագիկ Գաբրիելյանը /Արամ Խաչատրյան հիմնադրամի տնօրեն, Ռուսաստանի հայերի միություն Համառուսաստանյան հասարակական կազմակերպության հումանիտար հարցերի համակարգող, ՌԴ-ում ՀՀ դեսպանի մշակութային հարցերով խորհրդական/, Նոմեդա Կազլաուսը /օպերային երգչուհի/, Պաոլո Միչիչեն /հանրահայտ բեմադրիչ, մանկավարժ/, Ալեք Լասկովսկին /գրող, թարգմանիչ, Opera Magazine-ի սյունակագիր, հաղորդավար, դասական երաժշտության մասին բազմաթիվ գրքերի հեղինակ/:
Տեղեկացնենք, որ խաչատրյանական մրցույթը բաղկացած է նախընտրական լսումների փուլից և 3 հիմնական փուլերից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ):
Մրցույթին մասնակցող 43 երգիչները ներկայացնում են աշխարհի 13 երկրներ (Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Ղազախստան, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Մեքսիկա, Հարավային Աֆրիկա, Լատվիա, Ուկրաինա)։
Նշենք, որ մրցույթի առաջին փուլում բոլոր մասնակիցները, ի թիվս այլ գործերի, պետք է պարտադիր կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։
Մրցույթի առաջին փուլը (1-ին, 2-րդ օր) կանցկացվի հունիսի 7-ին և 8-ին. ելույթ կունենան նախընտրական փուլում հաղթած 43 մասնակիցները, երկրորդ փուլը կկայանա հունիսի 9-ին, 10-ին: Կմասնակցի 20 երաժիշտ: Երրորդ փուլ անցած 10 մասնակիցները հունիսի 11-ին իրենց համարները կփորձեն մրցույթի պաշտոնական՝ Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ, որպեսզի ըստ արժանվույն ներկայանան հունիսի 12-ին և 13-ին կայանալիք երրորդ փուլում, որի ընթացքում էլ կորոշվեն հաղթողները:
Մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները՝ առաջին մրցանակ՝ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երրորդ մրցանակ` 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Կլինեն նաև հատուկ մրցանակներ, որոնք սահմանվելու են մրցույթի գործընկերների կողմից:
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Մրցույթն անցկացվում է «Դաշնամուր», «Ջութակ», «Թավջութակ», «Դիրիժորություն» անվանակարգերում։
Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են` ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի պետական կոնսերվատորիան։
Մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: