|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Իրանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ դրան կարող է էապես նպաստել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք կխթանեն նաև առևտրաշրջանառության ծավալաների աճին:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում իրանական կապիտալի ներգրավումը ևս նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ մեր երկրում գործունեություն ծավալելու նպատակով:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ դա թույլ կտա իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև GSP+ համակարգով եվրոպական շուկա: Մահմուդ Հոջարին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ վարչապետին է փոխանցել Էսհաղ Ջահանգիրիի ողջույններն ու բարեմաղթանքները: Իրանի գյուղատնտեսության նախարարը կարևորել է տնտեսական փոխգործակցության հետագա զարգացումը և նշել, որ բարեկամական ու մշակութային բազմաթիվ ընդհանրություններ ունեցող երկու երկրների տնտեսական հնարավորությունները պետք է միմյանց փոխլրացնեն՝ նոր թափ հաղորդելով առևտրաշրջանառության աճին: Պարոն Հոջարին գոհունակություն է հայտնել հայ գործընկերների հետ հանդիպումների արդյունքներից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում արտադրանքի որակի գնահատման իրանական գրասենյակ, արտահանման և ներմուծման ընկերություն հիմնելուն, ձկնաբուծության ոլորտում ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ՀՀ-ում լոլիկի վերամշակման համատեղ գործարան ստեղծելու հնարավորություններին վերաբերող հարցեր: