կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-19 01:45
Տնտեսական

Վարչապետն ընդունել է ՌԴ տարածքային զարգացման նախարարին

Վարչապետն ընդունել է ՌԴ տարածքային զարգացման նախարարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին, ով Հայաստանում է «Դեպի նոր տնտեսական հեռանկարներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին միջտարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով:

«Ուրախալի է, որ մեր նախագահների` տարածաշրջանային մակարդակով կապերն ամրապնդելու նախաձեռնությունն արդեն կյանքի է կոչվում, և մենք տեսնում ենք առաջին պտուղները: Վստահ եմ, որ միջտարածաշրջանային համաժողովը նոր լիցք կհաղորդի այդ կապերի ամրապնդմանը: Մենք շահագրգռված ենք դրանում, և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ կապերն ամրապնդվեն և խորանան: Խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև, ընդհանուր են, ռազմավարական գործընկերային հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են տալիս այս բոլոր միջոցառումներին»,- ողջունելով հյուրերին` ասել է վարչապետ Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Վիկտոր Բասարգինն էլ նշել է. «Պատրաստվելով այս համաժողովին` հատուկ ուսումնասիրել եմ ՀՀ և ՌԴ տարածաշրջանների միջև համագործակցության ամբողջ բազան: Այսօր ՌԴ ավելի քան 70 տարածաշրջաններ ներգրավված են համագործակցության ծրագրում ուղղակիորեն և անուղղակիորեն: Դաշնության 30 սուբյեկտներ այսօր համաձայնագրեր ունեն Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ մարզերի հետ, մնացածները, կարծում եմ, ակտիվորեն կձգտեն, որ համաձայնագրեր ունենան և մշակեն համագործակցության միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր»:

Տիգրան Սարգսյանը նշել է նաև, որ տարածքային զարգացումը Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առաջնայնություններից է, և այն ունի քաղաքական, տնտեսական և սոցիալական նշանակություն մեր պետության զարգացման համար:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների մի շարք ոլորտներում ընթացող զարգացումներին: Կարևորվել է տարածքային զարգացման առումով երկու երկրներում առկա փորձի ուսումնասիրությունն ու փոխանակությունը: