Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարևորման ու տարածման ուղղությամբ համագործակցության մասին: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:
Լևոն Մկրտչյանը նշել է, որ շատ կարևոր է և’ քաղաքական, և’ լեզվական գրագիտությունն ապագա մեդիադաշտում, քանի որ մեր երկիրը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: ««Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ նախարարությունը տարիների համագործակցության փորձ ունի, և ստորագրված հուշագիրը կնպաստի, որ հատկապես դպրոցներում կարևորվի ճիշտ արտահայտվելու մշակույթը, զսպվածությունը, սկզբունքայնությունը: Եթե այս ծրագիրը հաջողի, ապա հետագայում այն կարող ենք դարձնել մեր կրթակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Ժամանակակից աշխարհում լրատվական տարաբնույթ հոսքերի առկայության պայմաններում խիստ պահանջված են տեղեկության ընկալման, կարևորի և երկրորդականի զատման, փաստի և սուբյեկտիվ մոտեցման տարանջատման հմտությունների ձեռքբերումը: Տվյալ հմտությունները կբարձրացնեն նաև մեր աշակերտների ինչպես տեղեկատվական անվտանգությունը, այնպես էլ քաղաքացիական գիտակցությունը: Կրթության որակն ունի երեք կարևոր բաղադրիչ՝ գիտելիք, հմտություն և, որ ավելի կարևոր է` քաղաքացիական դաստիարակություն: Նախարարությունը, առհասարակ, որդեգրել է մի շարք ուղղություններ` նախ փորձում ենք դաշտում արդեն աշխատող հասարակական կազմակերպությունների ներուժը օգտագործել, ապա հստակ սահմանազատել առարկա և հմտություն հասկացությունները: Մեդիագրագիտություն, բնապահպանական և քաղաքացիական կրթություն. սրանք հմտություններ են, որոնք ճիշտ բաժանելով մեր առարկայախմբերի միջև` կստանանք և’ վերապատրաստված ուսուցիչներ, և կունենաք դպրոցի բեռնաթափում»,-նշել է նախարարը:
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ հուշագրի ստորագրումն արդյունք է վերջին 5 տարիների աշխատանքի` դպրոցի, ուսուցիչների, Մեդիագրագիտության ձեռնարկի: «Ուրախ եմ, որ մեդիագրագիտությունը սկսել է կարևորվել և գնահատվում է կրթության, հասարակագիտության ոլորտներում, ինչպես նաև սոցիալական կյանքում: Այն իսկապես մեծ հարց է ամբողջ աշխարհում, քանի որ մեդիան փոխվում է, և, բնականաբար, մարդկանց կրթվածության աստիճանն էլ այդ ոլորտում պետք է փոխվի և կարևորվի հատկապես երիտասարդության շրջանում: Մենք արդեն մի քանի տարի աշխատում ենք ուսուցիչների հետ, դասընթացներ ենք անցկացնում, որն իր մեջ 10 դաս է ներառում` ինչպես մեդիան հասկանալու, այնպես էլ մեդիա արտադրելու հետ կապված: Արդեն մոտ 300 ուսուցիչ անցել է այդ դասընթացը, այն ներդրել դպրոցներում, ինտեգրել տարբեր առարկաների, ակումբային դասընթացների, լրացուցիչ կրթության, դասվարների ժամերին: Այս համատեքստում մենք երկար աշխատել ենք ԿԳՆ-ի և ԿԱԻ-ի հետ, որի արդյունքում Մեդիագրագիտության ձեռնարկը երաշխավորվել է` որպես ուսումնաօժանդակ գրականություն»,-նշել է Ն. Սարգսյանը:
Նշենք, որ համաձայն հուշագրի` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարտավորվում է մշակել և տարածել մեդիագրագիտության ուսումնամեթոդական նյութեր ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի համար, աջակցել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին ուսուցիչների, տնօրենների, դասախոսների վերապատրաստումների իրականացման գործընթացում, երաշխավորել հանրակրթական ուսումնական հաստատությունների համար մշակված ուսումնական նյութերը, վերանայել որոշ առարկաների, մասնավորապես, «Հասարակագիտություն» առարկայի ծրագիրը՝ դրանում մեդիագրագիտության թեմաներ ինտեգրելու նպատակով:
ՀՀ ԿԳՆ