կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-17 17:02
Տարածաշրջան

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը կբողոքարկի հանրաքվեի արդյունքները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը կբողոքարկի հանրաքվեի արդյունքները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ-CHP) պատրաստվում է դիմել երկրի Սահմանադրական դատարան` հանրաքվեի արդյունքները չեղարկելու պահանջով. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական Demokrathaber.org լրատվական կայքի` այս մասին հայտարարել է ԺՀԿ-ի խորհրդարանական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը: Նրա խոսքով` երկրի ներքին գործերի նախարարության որոշմամբ` քաղաքացիներին արգելվել է ներկա գտնվել քվեների հաշվարկին, ինչը Սահմանադրության խախտում է: Ըստ ԺՀԿ-ական պատգամավորի` ձայների հաշվարկին քաղաքացիների մասնակցությունն ամրագրված է Սահմանադրությամբ, և երկրի ՆԳ նախարարությունը քաղաքացիների այդ իրավունքը սահմանափակելու լիազորություն չունի: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ Թուրքիայի տարբեր շրջաններից իրենց առնվազն 19 բողոք է փոխանցվել այս խնդրի հետ կապված: Թեզջանը նշել է, որ իրենք այս հարցով արդեն դիմել են բարձրագույն ընտրական խորհուրդ և շուտով պատրաստվում են դիմել նաև Սահմանադրական դատարան:

«Լարվածությունը թոթափելու միակ միջոցը հանրաքվեն անվավեր ճանաչելն է»,- հայտարարել է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը` հավելելով, որ հարկ եղած դեպքում իր կուսակցությունը կդիմի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում քվեարկության էր դրվել 18 հոդվածից բաղկացած սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որով նախևառաջ նախատեսվում է անցում կառավարման նախագահական համակարգին: Սակայն այս համակարգը Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերի և անգամ արտերկրում բնակվող մի շարք գործիչների կողմից բուռն քննադատության էր արժանացել՝ «բոլոր լծակները մեկ անձի ձեռքում կենտրոնացնելու» հեռանկարի պաատճառով: