Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր ՀՅԴ-ն հանդիպում ունեցավ Տավուշի մարզի Կողբ համայնքում: ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ համամասնական ցուցակի 5-րդ համար Լևոն Մկրտչյանը, դիմելով ներկաներին, նշեց, որ իր համար կրկնակի հաճելի է գտնվել Կողբում, որովհետև դա այն վայրն է, որ միշտ մեր պատմության ընթացքում տվել է անուններ, և իր համար պատիվ է ներկայացնել նրանց համագյուղացուն, լավագույն բժիշկներից մեկին՝ Արտավազդ Սահակյանին, ով Տավուշի մարզից ՀՅԴ ցուցակով ռեյտինգային թեկնածու է:
«Մենք բաց ճակատով խոսակցության մեջ ենք մտնում մեր ժողովրդի հետ, որովհետև այս ընտրությունները շատ կարևոր են, կարևոր են նրանով, որ մենք իսկապես ընտրում ենք Հայաստանի ապագան առաջիկա 5-10 տարիների համար: Թե ինչպե՞ս կձևավորվի ապագա խորհրդարանը, ինչպիսի՞ կուսակցություններ այնտեղ ներկայություն կունենան, այդ կուսակցությունների թվաքանակը ինչպիսի՞ն կլինի, դրանից կապված է նաև մեր, ձեր վաղվա օրը` ոչ միայն կենցաղային իմաստով, ոչ միայն սոցիալական իմաստով, այլ մեր երկրի ապագայի տեսակետից»,- ասաց նախարարը՝ դիմելով կողբեցիներին:
Մկրտչյանը նշեց, որ այս սահմանամերձ տարածքում է, որ պետք է կարողանանք ավելի, քան երբևէ հասկանալ, որ մեզ պետք չէ բարեկեցիկ պետությունը, որը պարզապես լինի պետություն, որովհետև այս ժողովուրդը 4-5 հազար տարի չի քայլել նրա համար, որ իր ձևավորած անկախ պետականությունը լինի օտարների խաղալիք: Ապա նշեց, որ մենք պետք է կառուցենք մեր ազգային պետությունը:
«Եթե մենք ունենք դպրոց, ունենք կրթական համակարգ, ես պարտականություն ունեմ այդ ոլորտում, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ մեր ուսուցիչը հայ տեսակի ուսուցիչ է, մեր կրթական համակարգը ունի շատ կարևոր ֆունկցիա: Այն պետք է ապահովի հայ տեսակի շարունակությունը, հայ տեսակի լինելությունը այս երկրում, և սա ավելի քան անհրաժեշտ է ասել այստեղ: Մենք պետք է ունենանք ուժեղ, առողջ, իր հողի վրա կանգնող սերունդ»,- ասաց Մկրտչյանը, ապա հավելեց. «Այս տեսակետից էլ Դաշնակցությունը շատ հանգիստ ձեզ ներկայանում է, որովհետև Հայաստանի անկախության առաջին օրվանից, մտնելով Հայաստան և Արցախ, Դաշնակցությունը կարող է ասել, որ քայլել և քայլում է իր ժողովրդի հետ»:
Այնուհետև նա նշեց, որ, ձայն տալով Դաշնակցությանը, քվեարկում են շատ մեծ գաղափարի օգտին, քվեարկում են, որ ՀՀ-ում պետական լեզուն լինի միայն հայերենը, որ մեր դպրոցական, կրթական համակարգը լինի իր ձևով ազգային և իր տարողությամբ՝ համամարդկային, ինչպես դա արվել է 5-րդ դարում:
«Շատ կուսակցություններ են գալիս` այսօր մեր ժողովրդին դիմում, բոլորը ներկայացնում են ծրագրեր, որոնք ունեն տարբեր կետեր, տարբեր խոստումներ են տալիս, ոչ մի կուսակցություն վատ խոստումով չի գա իր քարոզարշավին, պարզապես կան հարցեր, որոնք չեն չափվում փողով: Ցավոք, մեզ մոտ ավելացել են ուժեր, թիմեր, որոնք իրենց կյանքում ամեն ինչ չափում են փողով, ամեն ինչ չափում են նյութականով: Միշտ չէ, որ նյութականը գերակա է: Մեր ժողովուրդն այդպես չէր գոյատևի: Մարդու քվեն անչափելի է, անգին է, որովհետև անձնական քվեն, որն այս երկրի քաղաքացին տալիս է այս երկրի կառուցման համար, գին չունի»,- ընդգծեց նախարարը, ապա ավելացրեց, որ այստեղ ժողովուրդը մեղք չունի, որ սոցիալապես ծանր պայմանների պատճառով ստիպված գնում է այդ քայլին, մեղավորը այն կուսակցություններն են, որոնք ամպագոռգոռ խոստումներ են տալիս`, փրկության ծրագրեր ներկայացնելով, գալիս են և, ժողովրդի սոցիալապես վատ վիճակից օգտվելով, գնահատում անգնահատելին՝ քանդելով երկրի հիմքը:
«Ես կոչ եմ անում ձեր ձայնը տալ Դաշնակցությանը` վստահ լինելով, որ ՀՅԴ-ն երբեք ձեզ հուսախաբ չի անի»,- խոսքն ամփոփեց Մկրտչյանը: