կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-24 16:53
Տարածաշրջան

Շվեյցարիան անհանգստացած է թուրքական հետախուզական ծառայության գործունեությունից

Շվեյցարիան անհանգստացած է թուրքական հետախուզական ծառայության գործունեությունից

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրքհալթերը անհանգստացած է, որ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեից առաջ այդ երկրի հատուկ ծառայությունները անօրինական ճանապարհով կարող են հետևել Շվեյցարիայում բնակվող թուրքերին:  Ըստ «Sputnik»  լրատվամիջոցի թուրքական ծառայության` Բուրքհալթերն այս հարցի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է Թուրքիայի  արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

Ըստ Ermenihaber-ի՝ վերջինիս հետ հանդիպման ժամանակ շվեյցարիացի նախարարը հայտնել է, որ Շվեյցարիան ուշադրությամբ ուսումնասիրելու է իր տարածքում ապօրինի իրականացվող հետախուզական գործողությունները:

Ըստ Բուրքհալթերի՝ խոսքի ազատությունը Շվեյցարիայի կողմից ճանաչված համամարդկային արժեք է, և այդ ազատությունը պետք է տարածվի նաև Շվեյցարիայում ապրող թուրք քաղաքացիների վրա` անկախ այն բանից, թե որտեղ են նրանք քվեարկելու՝ Շվեյցարիայո՞ւմ, թե՞ Թուրքիայում:

Արտգործնախարարը նաև խոսել է Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հաստատված արտակարգ դրության և դրա հետևանքով ստեղծված ծանր դրության  մասին: Նա նշել է, որ հայտարարված արտակարգ դրությունը չպետք է խոչընդոտի, որ Թուրքիան կյանքի կոչի մարդու իրավունքների հարցում ստանձնած պարտականությունները:

Աղբյուրը նշում է, որ Շվեյցարիայում այս պահի դրությամբ ապրում է  68 հազար թուրք: