Փոխարժեքներ
28 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.63 |
EUR | ⚊ | € 412.31 |
RUB | ⚊ | ₽ 3.58 |
GBP | ⚊ | £ 494.04 |
GEL | ⚊ | ₾ 142.93 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել 5 ոստիկանի:
Այսպես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչ Ռադիկ Ներսիսյանը, տեղեկանալով, որ 11.07.2016թ.-ին Լոռու մարզի Ագարակ գյուղում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից երկուսին դանակահարության հետևանքով ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ պատճառած անձն իր ազգական Միհրան Ներսիսյանն է, փորձել է վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից: Այդ նպատակով ոստիկանը Մ. Ներսիսյանի ընկերոջը՝ դեպքին ականատես Վահագն Գևորգյանին համոզել է ոստիկանությունում հայտնել, թե, իբր, նշված հանցագործությունը նա է կատարել` փոխարենը երաշխավորելով, որ ձերբակալումից հետո իր միջամտությամբ ազատ կարձակվի:
Վ. Գևորգյանը, վստահելով Ռ. Ներսիսյանին, իրեն է վերագրել կատարված հանցագործությունը և ձերբակալվել: Այնուհետև, վերջինիս տեսակցելու և իրականությունը թաքցնելու պայմանավորվածության շուրջ կրկին խոսելու նպատակով, հիշյալ ոստիկանը մեկնել է Տաշիրի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր և առանց օրինական հիմքերի Վ. Գևորգյանի հետ տեսակցության թույլտվություններ ստացել: Մասնավորապես, Ռ. Ներսիսյանը ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասի հերթապահներ Արթուր Զաքարյանին և Վարդան Սուքիասյանին համոզել, դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ընթացակարգը խախտելով` առանց ոստիկանության ստորաբաժանման պետին համապատասխան դիմում, անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու և օրինական մյուս հիմքերի թույլատրել մուտք գործել Տաշիրի բաժնի ձերբակալված անձանց պահելու վայր ու տեսակցել ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվածին: Վերջիններս, գործընկերոջ խնդրանքը չմերժելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և հիշյալ կանոնակարգի դրույթների խախտմամբ հնարավորություն ընձեռել Ռ. Ներսիսյանին՝ ձերբակալվածին շարունակել համոզել նախաքննական մարմնից թաքցնել հանցագործությունն իրականում այլ անձի կողմից կատարված լինելու հանգամանքը, որով էական վնաս է հասցվել պետության օրինական շահերին: Հետագայում` կալանավորվելուց հետո, Վահագն Գևորգյանը հիշյալ հանգամանքների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությանը տվել է գրավոր հաղորդում, որի հիման վրա էլ հարուցվել էր հիշյալ քրեական գործը: Կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել է ճշմարտությունն ու հանցագործության կատարման բոլոր հանգամանքները:
Նշված հանցավոր արարքների կատարման համար Ռ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի, իսկ Ա. Զաքարյանին և Վ. Սուքիասյանին` 308-րդ հոդվածի 1-ին մասերով: Բացի այդ, նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասի ևս երկու տեսուչի, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` գործուն զղջալու հիմքով. վերջիններս աջակցել են հանցագործության բացահայտմանը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: