կարևոր
3667 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-30 20:50
Քաղաքական

Հունիսի 12-ի դեպքերից 1,5 ամիս անց անհամաչափ գործողությունների համար որևէ ոստիկանի մեղադրանք ներկայացված չէ

Հունիսի 12-ի դեպքերից 1,5 ամիս անց անհամաչափ գործողությունների համար որևէ ոստիկանի մեղադրանք ներկայացված չէ

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ գործողությունների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում դեպքից ավելի քան մեկ ամիս անց դեռևս որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ, տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանությունն անհամաչափ ուժ, բռնություն է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչի հետևանքով շուրջ 101 անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ քաղաքացիներից մեկը կիրառված հատուկ միջոցների հետևանքով կորցրել է դաստակը։ Տուժել են նաև շուրջ մեկ տասնյակ լրագրողներ և օպերատորներ, վնասվել է ԶԼՄ-ներին պատկանող գույքը, աննախադեպ և առերևույթ թիրախավորված բռնության է ենթարկվել լրագրող Աբրահամ Գասպարյանը։

Ոստիկանները ոչ միայն բռնություն են կիրառել նրան բերման ենթարկելիս, այլև՝ հաջորդիվ, տեղափոխելով նրան ոստիկանական պատնեշի ետևի հատվածում, ծեծի են ենթարկել՝ հնչեցնելով հայհոյանքներ։ Աբրահամ Գասպարյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ կողոսկրերի կոտրվածք, գլխի վնասվածք։ Հատկանշական է, որ ի սկզբանե քաղաքացիների վնասվածքներ ստանալու հանգամանքները քննարկվում էր, այսպես կոչված, «Զանգվածային անկարգության» վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, հետագայում՝ առանձին քրեական վարույթներ ևս նախաձեռնվել են, այդ թվում՝ Աբրահամ Գասպարյանի, ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանի հաղորդումների հիման վրա, որոնցով վերջիններս տուժող են ճանաչվել։ Հունիսի 12-ի իրադարձություններից ավելի քան մեկ ամիս անց հայտնի դարձավ, որ քաղաքացիների վերաբերյալ քրեական վարույթներից մեկով՝ 16 անձի մասով՝ խուլիգանության մեղադրանքով նախաքննությունն արդեն ավարտվել է։ Զուգահեռաբար, սակայն, իրավապահները նույն ջանասիրությունը չեն ցուցաբերում տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով անհամաչափ գործողություններ իրականացրած ոստիկանների հայտնաբերման ուղղությամբ։ Առ այս պահը, ինչպես պարզվեց, չի բարձրացվել որևէ ոստիկանի պատասխանատվության ենթարկելու հարց, անգամ պարզ չէ՝ արդյոք ջանքեր գործադրվում են Աբրահամ Գասպարյանի նկատմամբ բռնություն գործադրած, ինչպես նաև՝ քաղաքացիների նկատմամբ անհամաչափ գործողություններ կիրառած ոստիկաններին՝ առնվազն նույնականացման համար։ Համենայն դեպս, ինչպես ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին՝ դեռևս քրեական հետապնդում չկա հարուցված։

«Վարութային և ապացուցողական գործողությունները այդ վարույթով շարունակվում են»,- ասացին ՔԿ-ից։

Աղբյուր` Փաստինֆո