Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գարունը ռոքով դիմավորենք. տեղեկացնելով, որ մարտի 24-ին, 25-ին և 26-ին Հայաստանում տեղի կունենա Music Drive երևանյան միջազգային փառատոնը` լրագրողներին ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Փառատոնը նախաձեռնել է «Ռոք ասոցիացիան», այն կանցկացվի մշակույթի նախարարության աջակցությամբ:
Նախարարը նշեց, որ փառատոնը կլինի ոչ միայն դահլիճային, այլ նաև կլինեն բացօթյա համերգներ: «Ռոքն այն ազատությունն է, որին ձգտում ենք բոլորս, և հույս ունեմ, որ երաժշտությունը երիտասարդներին կուղղորդի ազատ մտածողություն ունենալուն: Այս առումով` փառատոնը գալիս է գունազարդելու մեր գարունը, և վստահ եմ, որ քաղաքի տրամադրությունը փոխվելու է»,- ասաց նա:
Ամիրյանը տեղեկացրեց նաև, որ փառատոնին հատկացվել է 32 մլն դրամ, ընդ որում` այն ունի մուլտիպլիկատիվ էֆեկտ, քանի որ հյուրերը գումար են ծախսելու Հայաստանում:
Music Drive-ի գլխավոր համակարգող Վարդան Գրիգորյանն էլ նշեց, որ փառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանելու արտերկրում գործող 8 խումբ, նույնքան խումբ կլինի Հայաստանից:
«Կան հայտնի և վիրտուոզ խմբեր ու երաժիշտներ, ինչպես նաև նոր խմբեր: Փառատոնի նպատակն է երաժշտական աշխարհում Հայաստանի տեսանելիությունն ապահովել, ինչպես նաև կապեր հաստատել տեղի և դրսի երաժիշտների միջև: Խնդիրն այն է, որ ստեղծագործական առումով շատ ավելի որակյալ խմբեր ունենք, քան արտերկրում գործող խմբերն են, սակայն այդ մասին քիչ է խոսվում, չի ներկայացվում, PR-ը կաղում է»,- ասաց Գրիգորյանը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանն էլ փառատոնի կարևորությունը դիտարկեց այլ տեսանկյունից` զբոսաշրջության զարգացման, հատկապես` մշակութային միջոցառումների շնորհիվ: Ըստ նրա` փառատոնի շնորհիվ երկրի գրավչությունը կմեծանա, քանի որ ինֆորմացիոն քաղաքականության լուրջ խնդիր կա: «Որակյալ շատ փառատոներ ենք Հայաստանում անցկացնում, որոնց հայտնի դեմքեր են հյուրընկալվում, սակայն այդ ամենի մասին ոչ ոք չի իմանում: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ժամանակակից արվեստը զբոսաշրջության քաղաքականության մեջ ներառենք, քանի որ ունենք ժամանակակից արվեստ և արդյունք, որն ազատ կարող ենք ներկայացնել դրսում»,- ասաց Խզմալյանը: