կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-16 14:13
Տնտեսական

Մինչև փետրվար կմարվի գյուղացիներին տրվելիք պարտքի 90 տոկոսը. գյուղնախարար

Մինչև փետրվար կմարվի գյուղացիներին տրվելիք պարտքի 90 տոկոսը. գյուղնախարար

Այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողներին ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը:

Խոսելով մթերման գործընթացի մասին` նա առանձնացրեց գյուղացիների վերադարձվելիք պարտքերի հարցը: «Այս պահի դրությամբ` գյուղացիներին տրվելիք պարտքը կազմում է 1 միլիարդ 463 միլիոն դրամ»,- ասաց նախարարը` հավելելով, որ անընդմեջ կապի մեջ են մթերող կազմակերպությունների հետ` ճշգրտելու ու տեղեկանալու, թե ինչպես են մարվում պարտքերը: Կազմվել է պարտքերի մարման ժամանակացույց: Նախարարի կարծիքով` հնարավոր չէ միանգամից մարել գյուղացիներին տրվելիք պարտքերը, քանի որ գործարանները ֆինանսական ճգնաժամի մեջ են, բայց մինչև հունիս կմարվի պարտքի 90 տոկոսը, մասնավորապես` փետրվարին կմարվի 586 միլիոն դրամ, մարտին` 415 միլիոն դրամ, ապրիլին`  160, մայիսին` 218 միլիոն դրամ, որից հետո արդեն փոքր գումարներ են մնում, որոնք հեշտությամբ կմարվեն:

Նախարարն անդրադարձավ «Վինար» մթերող կազմակերպությանը: Հիշեցնենք, որ այս կազմակերպությունը բավական մեծ գումարներ էր պարտք գյուղացիներին և չէր կարողանում վճարել: Գյուղնախարարությունը ստիպված էր միջնորդություն ներկայացնել դատախազություն` հարցը դատարանում վիճարկելու համար:

«Դատախազությունից մի քանի օր առաջ մեզ տեղեկացրել են, որ «Վինար» գործարանի պահեստներում կա 12 հազար դեկալիտր սպիրտ, որը ՊԵԿ-ի քննչական վարչությունը կապարակնքել է, առանձնացրել` տալով «Վինար»-ին մի քանի օր ժամանակ` իրացնելու համար այն: Եթե չիրացրեց, ապա անցյալ տարվա օրինակով գյուղնախարարությունը կխնդրի որևէ ընկերության գնել այդ սպիրտը, իսկ գումարը վճարել գյուղացիներին` պարտքի դիմաց: Այդ սպիրտի վաճառքից առաջացած գումարը բավարարում է, որ ամբողջությամբ մարվի «Վինար»-ի պարտքը գյուղացիներին»,- ասաց Իգնատի Առաքելյանը: