Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` սպորտի մասսայականացման վերաբերյալ:
«Հաշվետվությունների ժամանակ որոշակի բաներ են պարզվել, որ այս ոլորտում քաղաքականություն իրականացնելիս կան համակարգային խնդիրներ: Այդ պատճառով հանձնարարում եմ ՀՀ ԿԳ և սպորտի ու երիտասարդության նախարարներին` վերանայել կրթական բոլոր մակարդակներում ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը և ներկայացնել առաջարկություն այսուհետ դրանք համատեղ հաստատելու վերաբերյալ: Գույքագրել հանրակրթական, միջին և մասնագիտական հաստատություններում սպորտային դահլիճները, մարզային գույքը, ներկայացնել առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծման տարբերակները»,- ասաց վարչապետը:
Հանձնարարվեց նաև ՀՀ ՏԿԶ նախարարին` մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզպետարանների ենթակայությամբ գործող մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության արդյունավետությունը, սպորտի և երիտասարդության նախարարության հետ համատեղ մշակել հստակ չափորոշիչներ այդ հաստատությունների կառավարման և գործունեության կազմակերպման համար:
«Խնդիրը ո՞րն է, կրթական ծրագրերը ունիֆիկացված չեն, տարբեր տեղերում տարբեր կրթական ծրագրեր կան, ստանդարտներ գոյություն չունեն: Պարո'ն Ռոստոմյան, մասսայական սպորտի վերաբերյալ հանձնարարում եմ գույքագրել ակտիվները, թեև այս հանձնարարականը տրվել էր ավելի շուտ: Առ այսօր մենք ձեզանից որևէ ինֆորմացիա չենք ստացել, թե ոնց ենք անում, որ գյուղական համայնքներում ակտիվանա սպորտը: Ուշադիր եղեք»,- ասաց վարչապետը: