կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-31 16:00
Իրավական

Դատապարտյալների հետ մարմնավաճառների ապօրինի տեսակցության գործով նախաքննությունն ավարտվել է

Դատապարտյալների հետ մարմնավաճառների ապօրինի տեսակցության գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ 21.10.2016թ.-ին ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Կատարված քննության արդյունքում բացահայտվել է, որ ՔԿ հիմնարկի` տեսակցությունների կազմակերպման և իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտմամբ մարմնավաճառներին ապօրինի տեսակցության թույլտվություն են տրամադրել նշված հիմնարկի դատապարտյալների հետ:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ մարմնավաճառ երեք աղջիկները 10.10.2016թ.-ին մեկ այլ դատապարտյալի դիմումի հիման վրա կարճատև տեսակցության պատրվակով մուտք են գործել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Սակայն պարզվել է, որ ՔԿ հիմնարկի պետի տեղակալ Կարապետ Մկրտչյանը և հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Խաչիկ Խաչատրյանը, առանց օրենքով սահմանված անհրաժեշտ պայմանների, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն օրը ուրիշ երեք դատապարտյալների հետ երկարատև տեսակցության ակնհայտ անօրինական թույլտվություն են տրամադրել մարմնավաճառներին: Արդյունքում, վերջիններս երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի հանդիպել են դատապարտյալներ Կ.Հ.-ի, Պ. Մ.-ի և Ա. Գ.-ի հետ, որոնցից մեկը եղել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր:

Այսպիսով, պաշտոնեական դիրքի չարաշահման համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել Կարապետ Մկրտչյանին և Խաչիկ Խաչատրյանին: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: