կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-28 15:22
Հասարակություն

Սահմանին են տղերքը կոփվում. պայմանագրայինները նշում են բանակի տոնը

Երկրի հարավարևմտյան սահմանին հարաբերական անդորր է: Մի թևում Նախիջևանն է, մյուսում՝ Թուրքիան: Նրանց դեմ կանգնած է հայի տեսակը, անպարտ՝ արդեն 25 տարի: Զինվորի ձեռքում խաղաղության խորհրդանիշ աղավնին է: Ամենասպասված լուրը`հարատև խաղաղության մասին ավետիսը:

«Հայրենիքը սկսվում է սահմանից, սահմանին են կոփվում տղերքը, սահմանին են իմանում՝ ինչ ասել է սահման»,- ասում է պայմանագրային զինծառայող Արմեն Մանուկյանը:

Սահմանապահներն ամենամոտն են Արարատին: «Քմահաճ» լեռը տղաները մի ամիս է` չեն տեսել. Արարատյան դաշտը զավթած մառախուղին զինվորներն արդեն սովոր են: Ամենասպասվածն այս օրերին արևն է:

«Էս տարի դեկտեմբերին ահավոր ցուրտ արեց, անսպասելի: Մենք էլ մեզ չենք հասկանում, ասում ենք` աման թող ձմեռ գա, ձմեռն ասում ենք, թող ամառ գա, տաքություն ենք ուզում»,- ասում են զինվորները:

Լավագույնը ճանաչված մարտական դիրքը հսկում են պայմանագրայինները: Ժամկետային զինծառայողներ այստեղ վաղուց չեն եղել: Արթուր Ղարիբյանն արդեն տասը տարի է` սահմանին է, պայմանագրային զինծառայողին ընտանիքում ուշ-ուշ են տեսնում: «Էնպես չի, որ կերթան Ռուսաստան, շուտ-շուտ կգան տուն: Էնտեղ էլ կերթան, կվերածվեն եսիմ ինչի, կա'մ կուգան, կա'մ չէ: Գոնե էսպես մեկ-մեկ տուն կերթանք»,- անկեղծանում է զինծառայողը:

Ընտանիք կազմելը հեշտ չէ նաև սպաների համար: Տղաները կատակում են` չծառայածին աղջիկ չեն տալիս, պայմանագրայինին տալիս էլ ախ ու վախ են անում:

«Որպես աշխատանք՝ ծանր է, չես կարողանում լիովին ժամանակ տրամադրել ընտանիքիդ , օրվա մեծամասնությունը տրամադրում ես ծառայությանը: Մինչև հիմա չեմ ամսուսնացել, երևի պատճառներից մեկը զինվորական լինելն է»,- ասում է գյումրեցի սպա Ապետ Սարգսյանն ու խոստովանում՝ ապագա կնոջ համար հեշտ չի լինելու:

Ապետը զինվորական ուղին սկսել է 12 տարի առաջ, եղբայրն էլ է իր խորհրդով զինվորական դարձել: Մայոր Սարգսյանի համար ամենաբարձր կոչումը մարդ լինելն է: Առաջին արժանիքը՝ սերը դեպի հայրենիքը: «Էսօր ես հնարավորություն ունեմ այլ երկրում աշխատելու, ապրելու, բայց ոչ թե պարտավորված եմ զինվորական ծառայության, այլ հաճույքով եմ կատարում: Չեմ ուզում էս հողն ու ջուրը թողնել, գնալ»,- ասում նա:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում

Թագուհի Մելքոնյան

Երվանդ Հակոբյան

Գևորգ Խաչատրյան