կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-25 20:08
Աշխարհ

Ֆրանսիայում սկանդալ է ծագում նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ շուրջ

Ֆրանսիայում սկանդալ է ծագում նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ շուրջ

Ֆրանսիայում սկանդալ է ծագում «Հանրապետականներ» աջ կուսակցությունից նախագահի թեկնածուի կնոջ՝ Պենելոպա Ֆիյոնի շուրջ:

Le Canard Enchaîné պարբերականը հայտնում է, որ 8 տարի շարունակ Ֆրանսուա Ֆիյոնի կինը աշխատավարձ է ստացել որպես ամուսնու խորհրդարանական օգնական: Այդ ընթացքում նա 500 հազար եվրո է վաստակել: Այնուհետեւ մոտ 1,5 տարի գրանցվել է որպես «Երկու աշխարհների ամսագիր» (La Revue des deux mondes) պարբերականի աշխատակից, որը պատկանել է Ֆիյոնի ընկեր Մարկ Լադրեյթ դե Լաշարիերին: Սակայն ամսագրում պնդել են, որ տիկին Ֆիյոնին խմբագրությունում երբեք չեն տեսել:

 

Նախագահի թեկնածուի շրջապատից հաստատել են, որ Պենելոպա Ֆիյոնն իսկապես այդ պաշտոնները զբաղեցրել է, բայց որ խոսքն իսկական աշխատանքի մասին է եւ դրա մեջ «ապօրինի ու հակաբարոյական» ոչինչ չկա: Ֆիյոնի պաշտոնական ներկայացուցիչ Թիերի Սոլերը հայտարարել է, որ «հաճախ է պատահում, երբ խորհրդարանականների կողակիցները դառնում են նրանց աշխատակիցները»:

Դա օրենքով արգելված չէ, եթե խոսքը ձեւական աշխատանքի մասին չէ: Սակայն Le Canard Enchaîné-ի լրագրողները պնդել են, որ իրենց չի հաջողվել Ազգային ժողովում տիկին Ֆիյոնի գործունեության որեւէ հետք գտնել: Նաեւ նշվում է, որ Պենելոպա Ֆիյոնը, ում մասնագիտությունն անհայտ է, միշտ հեռու է եղել ամուսնու քաղաքական գործունեությունից:

Ազգային ժողովում Ֆրանսուա Ֆիյոնի նախկին աշխատակցուհիներից մեկը Le Canard Enchaîné-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «երբեք չի աշխատել» Պենելոպա Ֆիյոնի հետ: «Ես նրան ճանաչել եմ միայն որպես նախարարի տիկնոջ»,- ասել է նա: