կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-10 16:11
Քաղաքական

Անորոշությունն է պատել հայաստանյան քաղաքական դաշտին

Անորոշությունն է պատել հայաստանյան քաղաքական դաշտին

ԿԸՀ-ն արդեն հաստատել է առաջիկա համապետական ընտրությունների ժամանակացույցը, ըստ որի` մարտի 5-ից մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը, այսինքն` մոտ մեկ ամիս ժամանակ է մնացել քաղաքական սուբյեկտներին ընտրություններին մասնակցելու իրենց դիրքորոշումները հստակեցնելու համար: Առայժմ հստակ է, որ ընտրություններին մասնակցելու է իշխող ՀՀԿ-ն` առանց դաշինքի, ՀՅԴ-ն` առանց դաշինքի, ՔՊ, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները`«Ելք» դաշինքով: Խորհրդարանի` մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը` ԲՀԿ-ն, մինչ այս պահը նույնպես հստակություն դեռ չունի` իր ապագա պլանների հետ կապված:

Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի քարտուղար Վանիկ Էլիզբարյանը նշեց, որ մամուլին հայտնելու բան այս պահի դրությամբ դեռ չունեն: Ինչ վերաբերում է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի անելիքներին, ապա նույնպես ոչ մի նորություն դեռ չկա, բացի այն բանից, որ Գագիկ Ծառուկյանն ակտիվ հանդիպումների ու քննարկումների մեջ է:

Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական պլանների մասին կհայտարարի բացառապես Գագիկ Ծառուկյանը: Նա այս օրերին հանդիպումներ է անցկացնում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ` ընթացիկ օրակարգով:

«Համախմբում» կուսակցությունը ևս չի շտապում տեղեկացնել հանդիպումների ու քննարկման արդյունքների մասին: Կուսակցության մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը նշեց, որ կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք արմատական փոփոխություններ և իշխանափոխություն են ցանկանում: Կուսակցությունը չի բացառում համագործակցությունը ԲՀԿ-ի հետ:

«Հայկական վերածնունդ»-ը հետ չի մնում այս պահի դրությամբ  որոշակիություն չունեցող քաղաքական կուսակցություններից: Նրանք նույնպես ակտիվ քննարկումների մեջ են, վստահաբար մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին, սակայն դաշինքների հետ կապված որևէ բան դեռ որոշված չէ:

«Ժառանգություն» կուսակցության դեպքում անորոշ է անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցը: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Որոշակիություն դեռ չկա: Ամենայն հավանականությամբ, կմասնակցենք ընտրություններին»: «Ժառանգությունը» շարունակում է հանդիպումներն ու քննարկումներն այլ կուսակցությունների հետ: