կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-22 13:18
Քաղաքական

2 տարում անգամ երիտասարդ ընտանիքը չի կայանում. Լեոնիդ Կալաշնիկովը՝ ԵՏՄ-ի արդյունավետության մասին

2 տարում անգամ երիտասարդ ընտանիքը չի կայանում. Լեոնիդ Կալաշնիկովը՝ ԵՏՄ-ի արդյունավետության մասին

Այսօր Հայաստանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը: ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Հայաստանում ԵՏՄ անդամակցության շնորհիվ շոշափելի արդյունքներ չկան, պատասխանեց. «Միանգամից արդյունքները չեք զգա: Բայց դատելով պաշտոնական տվյալներից՝ Հայաստանն առաջատարն է: Բացի այդ` մի' մոռացեք, որ արժութային ճգնաժամ կա, արժեզրկվում է մեր ազգային դրամը, ինչի պատճառով մենք չենք կարողանում հաշվել այն դրական ազդակները, որոնք կան անդամակցության հետևանքով»:

Կալաշնիկովը հույս հայտնեց, որ շուտով ԵԱՏՄ անդամ պետությունները կունենան միասնական շուկաներ տրանսպորտի, մարդկային ռեսուրսների, մաքսային կանոնակարգման, էներգետիկայի ոլորտներում: Նա հորդորեց սպասել: «Ամեն ինչ միանգամից չի կառուցվում. ո'չ Մոսկվան, ո'չ էլ Երևանը մեկ օրում չեն կառուցվել»,- նշեց Կալաշնիկովը:

Հարցին, թե շուրջ 2 տարի է` Հայաստանը ԵՏՄ անդամ է, դեռ որքա՞ն պետք է սպասենք` արդյունքները տեսնելու համար, նա պատասխանեց. «2 տարին, կարծում եք, շա՞տ է: Նայեք ` Եվրամիությունը 70 տարի է, ինչ կառուցվում է, բայց հիմա կանխատեսում են, որ փլուզվում է արդեն: Իսկ դուք ասում եք՝ 2 տարի. 2 տարում անգամ երիտասարդ ընտանիքը չի կայանում, չնայած՝ որոշները հասցնում են բաժանվել»: