կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-19 15:18
Առանց Կատեգորիա

Նախարարի 880 000 դրամը` լավ տպավորություն թողնելու համար

Նախարարի 880 000 դրամը` լավ տպավորություն թողնելու համար

Հայաստանում, ըստ ԱՎԾ-ի, մինչև 18 տարեկան երեխաների 33.7 տոկոսն ապրում է աղքատության մեջ, այսինքն` յուրաքանչյուր 10 երեխայից 3-ն աղքատ է: Եվ սա դեռ պաշտոնական տվյալներն են, այսինքն` պարզ է, որ իրական ցուցանիշը մի փոքր ավելի բարձր կլինի:

Մեկ ուրիշ տվյալ` ապրիլյան պատերազմից հետո ծանր վիրավորներից մի քանիսը ցանկանում էին արտասահման գնալ` բուժվելու, սակայն պետությունն այդպես էլ իր վրա չվերցրեց նրանց դրսում բուժելու ծախսը` «հիմնավորելով», թե դրսում բուժման կարիք չկա, բայց իրականում տասնյակհազարավոր դոլարներ էին պետք տղաների բուժումը դրսում կազմակերպելու համար:

Եվս մեկ իրողություն` պետբյուջեում գումար չկա, դրա համար էլ, ինչպես նշում էր Սեյրան Սարոյանը, վիրավոր կամ զոհված զինվորի ընտանիքին օգնելու համար 1000 դրամների նախագիծը կյանքի կոչվեց:

Ապրիլից հետո տեղահանված թալիշցիների մեծ մասը սոցիալական լուրջ խնդիրներ ունի` բնակարանի, անգամ` սնունդի ու հագուստի:

Բայց պարզվում է` մեկ ժամ ասուլիս անելու համար կարելի է մոտ մեկ միլիոն դրամ ծախսել, հենց այնպես` «սիրունության» համար: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանի տարեվերջյան ասուլիսն անցկացրել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում՝ ֆուրշետով: Մարտիրոսյանը հպարտորեն հայտարարել է` սեփական միջոցներով է վարձակալել սրահը` 888 000 դրամ վճարելով: Նախարարն արդարացել է, թե նախարարությունում տեղ չկար: Հիշեցնենք միայն, որ վերոհիշյալ նախարարությունում, ինչպես և մյուս բոլորում, առկա է նիստերի դահլիճ, ավելին` այնտեղ կան նաև սեղան, աթոռներ` այն, ինչ պետք է ասուլիս անցկացնելու համար: Իսկ ինչ վերաբերում է ֆուրշետին, այն, առհասարակ, կարելի էր չանցկացնել` չմոռանալով ապրիլն ու երկրի սոցիալական վիճակը: Իսկ եթե նախարարն անպայման ուզում էր լրագրողների հետ մեկ բաժակ գինի խմել և Ամանոր շնորհավորել, ապա դա էլ առանց մեծ ջանքերի կարելի էր կազմակերպել միջանցքում` նիստերի դահլիճին կիպ: Միևնույն է, նախարարի մասին տպավորությունն ու կարծիքը  ֆուրշետից չէ, որ ձևավորվելու է: Ավելին` գուցե տպավորություն գործեր այն, որ, օրինակ, նախարարն ասեր, թե` հաշվի առնելով մարդկանց սոցիալական իրավիճակն ու այն, որ ապրիլին 92 զոհ ունեցանք, որոնց ընտանիքները գրեթե բոլորն էլ սոցիալապես անապահով են, այս տարի որոշեցի սեփական գրպանից 888 000 դրամ փոխանցել 1 զինվորի և 1 անապահով ընտանիքի` 1 ժամ ասուլիս անցկացնելու փոխարեն:

Երկու շաբաթ էլ չի անցել Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցի օրից, երբ բոլորը խոսում էին այն մասին, որ Գյումրիում հարյուրավոր մարդիկ դեռ ապրում են տնակներում` կենցաղային տարրական պայմաններից զուրկ: Իսկ, օրինակ, Երևանի փողոցներում մեկ ժամ քայլելիս մի քանի մարդու կհանդիպես` աղբամանները քրքրող: Այս սառնամանիքին խնայողաբար` օրական 2-3 ժամ ջեռուցվող բնակարաններում ապրող հազարավոր մարդիկ ունենք, և պատկերացնո՞ւմ եք` 888 000 դրամը քանի ընտանիք կերջանկացներ` ձմռան ամիսների կոմունալ վարձավճարը վճարելու դեպքում, կարող էիք գոնե փոստային բաժանմունքներում անվճար սրտի` հանգստացնող կաթիլներ դնել, էլի լավություն արած կլինեիք:

888 000 դրամով ասուլիս անցկացնելն ուղղակի ծաղր էր` մեր սոցիալական վիճակին ուղղված:

 

Կ. Հ.