Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանը, նշեց, որ աշխատանքները շարունակվում են բնականոն հունով:
Տրանշ 1-ի հետ կապված` արդեն ավարտվել և շահագործման են հանձնվել Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածներում անցած եռամսյակում 9 ուղեանցի և 1 կամրջի վերականգնման աշխատանքները:
Տրանշ 2-ի հետ կապված` Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում կատարվել են հողային, ճանապարհի լայնացման և 15 կմ շրջանցիկ հատվածի կառուցման աշխատանքներ: Եղանակային ոչ բավարար պայմանների պատճառով այս պահի դրությամբ դադարեցված են սեպտեմբերի 30-ին մեկնարկած` բետոնե ծածկի տեղադրման աշխատանքները:
Տրանշ 3-ի հետ կապված` Թալին-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում կատարվել են հողային և ճանապարհային ծածկի լայնացման աշխատանքներ:
Տրանշ 4-ի հետ կապված մշակվել է Սիսիանից Քաջարան ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը: Նախատեսվում է ներգրավել մասնավոր ներդրողների:
Տրվել է Հայաստան-Վրաստան սահմանին Բագրատաշենի կամրջի շինարարության ծրագրի մեկնարկը: Մեկնարկել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը. կվերանորոգվի շուրջ 90 կմ երկարությամբ միջպետական ճանապարհը:
Ինչ վերաբերում է ավտոճանապարհների ընթացիկ պահպանմանն ու սպասարկմանը, ապա մինչև տարեվերջ Երևան-Սևան մայրուղում կտեղադրվեն 1500 նոր ճանապարհային նշաններ: Վտանգավոր հատվածներում` Սարավան, Սիսիան, Ֆիոլետովո, ճանապարհների անվտանգությունը ապահովելու համար տեղադրվել են արգելափակոցներ:
Ավարտական փուլում է Նոր Հաճընի կամրջի լուսավորության ապահովումը: