Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն իր տարեվերջյան ամփոփիչ ելույթում անդրադարձ կատարեց Լարսի խնդրին: Հիշեցնենք, որ ամեն տարի Վերին Լարս անցակետը, որ ռուս-վրացական սահմանին է, եղանակային վատ պայմանների պատճառով փակվում է, և ուղևորատար, բեռնատար մեքենաների կուտակումներ են առաջանում, դրանից էլ` տարբեր ածանցյալ խնդիրներ:
Նախարարը նշեց, որ Լարսի անցակետը Ռուսատանի հետ կապող միակ ցամաքային օղակն է: Նա վստահեցրեց, որ անհրաժեշտ աշխատանքներ կատարվում են, որ անցակետի հետ կապված խնդիրները վերանան:
«Մեր վրացի գործընկերներն անում են ամեն ինչ, որ այն անխափան աշխատի, բայց եղանակից էլ է շատ բան կախված: Ունեցանք աննախադեպ եղանակային պայմաններով ձմեռ: Այլընտրանքային ճանապարհների հարցը քննարկվում է, օրինակ` լաստանավով բեռների տեղափոխման հարցը, բայց հիմա Փոթիի նավահանգիստը լաստանավեր չի ընդունում, որովհետև փոթորիկ է: Մնում է ավիափոխադրման տարբերակը, որի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ այսօր Լարսի անցակետն արդեն բաց է: Հայաստանի սահմանին է արդեն մոտեցել 300 մեքենա, Լարսի սահմանը դեպի ՌԴ հատել է 240 մեքենա, 180 մեքենա էլ ուղևորվել է դեպի Հայաստան:
Հարց եղավ նաև բեռնափոխադրող և ուղևորափոխադրող վարորդների այն դժգոհությունների մասին, որ Ռուսաստանի սահմանը հատելուց հետո այնտեղի ճանապարհատրանսպորտային տեսուչները ապօրինի դրամ են բռնագանձում վարորդներից: Արդյո՞ք հնարավոր է հայկական կողմի միջամտությամբ այդ հարցը լուծել:
Նախարարը պատասխանեց, որ այդ հարցը բարձրացվել է: «Եղել եմ Լարսում, այդ հարցը բարձրացրել ռուս մաքսայինների ղեկավարի մոտ: Նրանք հավաստում են, որ նման բան չկա, մինչդեռ հայ վարորդները պնդում են, որ նման բաներ ժամանակ առ ժամանակ լինում են: Մենք, իհարկե, պայքարում ենք դրա դեմ, բայց հասկացեք` մենք չենք կարող այլ պետության` Ռուսաստանի ներսում որևէ բան փոխել»,- ասաց նախարարը: