կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-10 12:08
Իրավական

Կաշառք ստանալու պահին ձերբակալված դատավորին կպաշտպանի նախկին դատավորը

Կաշառք ստանալու պահին ձերբակալված դատավորին կպաշտպանի նախկին դատավորը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ գործը կքննվի հենց Շենգավիթի դատարանում: Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են դատավոր Իշխան Բարսեղյանն ու փաստաբան Էլզա Զաքարյանը:

Yerkir.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործով առաջին դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:

Գործով ներգրավված է 4 պաշտպան, որոնցից Վլադիմիր Գրիգորյանը նախկին դատավոր է և մինչև նախորդ տարի աշխատում էր Էրեբունի և Նուբաաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նա կներկայացնի Իշխան Բարսեղյանի շահերը, ով ներկայումս գտնվում է կալանքի տակ: Իսկ Էլզա Զաքարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում քաղաքացի Նորիկ Հակոբյանից կաշառք ստանալու պահին՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի բնակիչ Նորիկ Քաջիկի Հակոբյանը ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը տարբեր պատճառաբանություններով մոտ երեք ամիս վարույթ չի ընդունել իր փաստաբան Կիմա Սարյանի ներկայացրած հակընդդեմ հայցը: Հակոբյանը հայտնել է, որ իր «հարցով» դատավորին միջնորդելու համար Կիմա Սարյանն իրեն է փոխանցել ոմն Էլզայի բջջային հեռախոսահամարը, ինքը զանգահարել և հանդիպել է Էլզայի հետ, ում առաջարկով իր ավտոմեքենայով գնացել են դատարանի շենքի մոտ, որտեղ ինքը սպասել է, իսկ Էլզան բարձրացել է դատավորի մոտ: Մոտ 10-15 րոպե անց Էլզան վերադարձել է և ասել, որ դատավորն իր գործին դրական լուծում կտա, եթե մինչև երեկո ինքը տա 1000 ԱՄՆ դոլար գումար:

Հակոբյանը խնդրել է Էլզային` դատավորից ճշտել գումարը հաջորդ օրը տալու հնարավորության հարցը, քանի որ այդ պահին գումար չի ունեցել, սակայն Էլզան դատավորի մոտ կրկին գնալուց և վերադառնալուց հետո հայտնել է, որ դատավորը պահանջում է գումարը տալ նույն օրը: Համոզվելով, որ դատավորի կողմից իրենից կաշառք է պահանջվում, այդ փաստից վրդովված, որոշել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին տալ հանցագործության մասին հաղորդում:

Հաղորդման հիման վրա ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումների հիման վրա իրականացվել են «արտաքին դիտում», «ներքին դիտում» և «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին` ժամը 19.35-ին, «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում Իշխան Բարսեղյանը հանդիպել է Նորիկ Հակոբյանի հետ և ննրանից անձամբ ստացել օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում, որպես կաշառքի առարկա, Նորիկ Հակոբյանին փոխանցված 1000 ԱՄՆ դոլար գումարը: Ըստ քննության տվյալների՝ գումարն Իշխան Բարսեղյանը վերցրել ու դրել է իր բաճկոնի գրպանը:

Քանի որ տվյալ քաղաքացիական գործով 2016 թվականի հոկտեմբերի 31-ին դատական նիստ է նշանակված եղել, դատավորը, գումարը վերցնելով, Հակոբյանին հայտնել է, որ այդ օրվա դատական նիստը կհետաձգի, իսկ փաստաբան Կիմային էլ կզանգի և կասի, թե ինչ բովանդակությամբ հակընդդեմ հայց պետք է ներկայացվի, որ նա կարողանա գործը լուծել օգտին: Դրանով խոսակցությունը ավարտվել է: