կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-26 16:30
Տարածաշրջան

Թուրքիայի առևտրի կենտրոններում գողությունները ռեկորդային մակարդակի են հասել

Թուրքիայի առևտրի կենտրոններում գողությունները ռեկորդային մակարդակի են հասել

Sensormatic անվտանգության ծառայությունների ընկերությունը տեղեկություններ է հրապարակել Թուրքիայի մանրածախ առևտրի ոլորտում կատարվող գողությունների վերաբերյալ. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Նշենք, որ տվյալ ընկերությունն ապահովում է Թուրքիայի առևտրի կենտրոններում գտնվող վաճառակետերի 55 տոկոսի անվտանգությունը:

Թուրքական Businessht.com.tr կայքի հաղորդմամբ՝ անցյալ տարի աշխարհում մանրածախ առևտրի ոլորտում գողացված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 123 մլրդ դոլար: Ըստ կանխատեսումների՝ 2016թ. այդ ցուցանիշը կհասնի 150 մլրդ դոլարի, իսկ, մասնավորապես, Թուրքիայում՝ 2.5 մլրդ դոլարի: Եթե Թուրքիայի վերաբերյալ կանխատեսումն իրականանա, ապա այդ ցուցանիշը 400 մլն դոլարով կգերազանցի 2015թ. արդյունքները:

Ուշագրավ է, որ մանրածախ առևտրի կենտրոններից ամենից շատ գողանում են, ըստ հերթականության, ձմեռային վերնահագուստ, մանկական սնունդ և տակդիրներ, անձնական հիգիենայի պարագաներ, երշիկեղեն և այլ մսամթերք:

Հատկանշական է, որ մանրածախ առևտրի ոլորտում հագուստի և սննդի գողությունը խոսում է հասարակության տնտեսական վիճակի մասին և հատկապես մեծ ծավալների է հասնում գաղթերի ու տնտեսական ծանր պայմանների դեպքում:

Ըստ վիճակագրության՝ 2004-2007թթ., երբ երկրի տնտեսական վիճակը համեմատաբար կայուն էր, այս ոլորտում գողությունները նկատելիորեն նվազել էին: Մինչդեռ այժմ, ինչպես նշում է Sensormatic ընկերության տնօրենը, գողությունները ռեկորդային մասշտաբների են հասնում:

Հատկապես ձմռանը հագուստի վաճառքի կետերում 49 տոկոս կորուստ  է գրանցվում: Որպես կանոն՝ գողացվում են ոչ թե բրենդային կամ շատ թանկ ապրանքները, այլ առաջին անհրաժեշտության իրեր:

Գողություն կատարողները մեծ մասամբ պատկանում են  17-24 տարիքային խմբին: Վերջին երկու տարում Թուրքիայում գողության պատճառով 17.000 մարդու էլեկտրոնային ձեռնաշղթա են հագցրել: