կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-25 17:28
Հասարակություն

ՈԱԱԿ-ը մշտադիտարկում է իրականացնում 5 բուհում

ՈԱԱԿ-ը  մշտադիտարկում է իրականացնում 5 բուհում

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մշտադիտարկում է իրականացնում ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած 5 բուհերում:

Գործընթացի շրջանակներում ՈԱԱԿ մասնագետները բուհ են այցելում`տեղում ծանոթանալու  որակի ներքին ապահովման համակարգերի գործունեությանը և փորձագիտական զեկույցում մատնանշված թերությունների վերացման աշխատանքների ընթացքին, դրանց համապատասխանությանը սահմանված ժամանակացույցին: Այցելության ընթացքում տեղի է ունենում հանդիպում բուհի վարչական ղեկավարության,  պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ,  իրականացվում է  ռեսուրսների դիտարկում, փաստաթղթերի ուսումնասիրություն: Բուհը ներկայացնում է նաև  ինստիտուցիոնալ ներքին գնահատման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, որի արդյունքները 2 տարին մեկ պարբերականությամբ պետք է ներկայացնի ՈԱԱԿ:

Արդեն իսկ մշտադիտարկում  իրականացվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Առաջիկա շաբաթների ընթացքում այցեր տեղի կունենան նաև Երևանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիա, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան:

Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի բուհին և ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովին:

Ավելի վաղ ՈԱԱԿ-ը մշտադիտարկում էր իրականացրել ԵՊՀ-ում, ԵՊԲՀ-ում, ՀԱՊՀ-ում, ՀԱԱՀ-ում, Հյուսիսային և Գլաձոր համալսարաններում: