կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-11 13:24
Տարածաշրջան

Հալեպահայերը դեղորայքի ու նյութական միջոցների կարիք ունեն

Հալեպահայերը դեղորայքի ու նյութական միջոցների կարիք ունեն

Հալեպում իրավիճակի թեժացմամբ պայմանավորված` դեպի Լիբանան հայերի հոսքի ակտիվություն է նկատվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի փոխներկայացուցիչ Ավետիս Կիտանյանը:

«Ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում սիրիահայերի հոսքը դեպի Լիբանան փոքր-ինչ նվազել է, որովհետև Լիբանանի օրենսդրական փոփոխության համաձայն` Սիրիայի քաղաքացիների մուտքը դժվարացել է: Չնայած դրան, սիրիահայերը շարունակում են գալ Լիբանան: Երբեմն հնարավորություն չունեն ամբողջ ընտանիքով գալ, այդ դեպքում գալիս են երիտասարդները ու դիմում հայկական կառույցներին, որպեսզի կարողանան աջակցություն ստանալ մուտքի հարցերի հետ կապված: Հալեպի ռմբակոծություններով պայմանավորված, կարող ենք ասել, որ այս դիմումների դինամիկան ավելացել է»,-ասաց Ավետիս Կիտանյանը` նշելով, որ Լիբանանի հայկական կառույցները հնարավորության չափով օգնում են:

Հիմնականում, Լիբանան հասնող սիրիահայերն ունենում են տարբեր խնդիրներ` բնակարանի, երեխաներ ունենալու դեպքում` դպրոցներում, մանկապարտեզներում տեղավորվելու, ինչպես նաև առողջապահական հարցեր: Դրանից բացի, օգնություն է տրամադրվում հենց Սիրիայում գտնվող ընտանիքներին:

«Մենք կենտրոնացած ենք այնտեղ գտնվող մարդկանց դեղորայքով ապահովելու, նյութական օգնություն տրամադրելու հարցի վրա: Մարդիկ կան նյութական ծանր կացության մեջ են: Նախ` մեր կողմից մթերք տեղափոխելն այդքան էլ հեշտ չէ, ինչպես նաև գիտենք նրանց դա այդքան էլ անհրաժեշտ չէ: Նրանց համար ապահով լինելուց զատ, խնդիր է դեղերի պակասը: Ահա մենք փորձում ենք դեղեր ուղարկել»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ի վերջո սիրիահայերը չե՞ն ցանկանում դուրս գալ, թե՞ ցանկանում են, բայց միջոցներ չունեն, Ավետիս Կիտանյանը նշեց, որ երկու տարբերակն էլ կա: Ըստ նրա` կան բազմաթիվ հայեր, որոնք միջոցներ ունենալու դեպքում դուրս կգային Հալեպից, սակայն կան ընտանիքներ, որոնք մեծ թիվ են կազմում, ցանկանում են մնալ Հալեպում` հուսալով, որ մի օր Սիրիայում իրավիճակը կբարելավվի:

Ինչ վերաբերում է Լիբանանում գտնվող սիրիահայերի թվին, ապա Ավետիս Կիտանյանը նշեց, որ 3 ամիս առաջվա տվյալներով Լիբանանում բնակվում է 8-10 հազար սիրիահայ: Նրանք այն մարդիկ են, որոնք որևէ ձևով օժանդակություն են ստացել Լիբանանի հայկական կազմակերպություններից: Դրանից բացի, կան 2-3 հազար հայեր, որոնք, ընդհանրապես, չեն դիմել այդ կազմակերպություններին: Ավետիս Կիտանյանը նշեց, որ Լիբանանում ապրող հայերի մասին ամբողջական թիվ ներկայացնելը դժվար է, քանի որ եղել են նաև տեղաշարժեր: Շատերը մեկնել են Արևմուտք կամ Հայաստան: Ըստ Ավետիս Կիտանյանի` փորձում են չքաջալերել Արևմուտք տեղափոխվելը: