կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-28 09:55
Հասարակություն

Ապրիլյան պատերազմում ոտնաթաթերն ու կրունկները կորցրած զինծառայողն ու ընտանիքը՝ ծայրահեղ պայմաններում. «Ժողովուրդ»

Ապրիլյան պատերազմում ոտնաթաթերն ու կրունկները կորցրած զինծառայողն ու ընտանիքը՝ ծայրահեղ պայմաններում. «Ժողովուրդ»

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի 43-ամյա բնակիչ, պայմանագրային զինծառայող Ալբերտ Մարտոյանի ոտքերը ապրիլյան պատերազմի օրերին 4-րդ աստիճանի ցրտահարվել են, ինչի արդյունքում մայիսի 30-ին նրա ոտնաթաթերը և կրունկները կտրվել են։ Եվ չնայած սրան՝ Ալբերտ Մարտոյանը ստացել է հաշմանդամության ընդամենը 2– րդ կարգ, ինչին նա դեմ է և պատրաստվում է այդ որոշումը բողոքարկել։

Տորֆավանի 29-ամյա բնակչուհի Անի Մարգարյանը պատմեց, որ իր ամուսինը՝ Ալբերտ Մարտոյանը, դեռևս 2010 թվականից որպես պայմանագրային զինծառայող է աշխատել։ Հենց նրա ստացած աշխատավարձով էլ կերակրվել է իրենց ընտանիքը։ Նշենք, որ Ալբերտ Մարտոյանն ունի երկու անչափահաս երեխա։ Նրանք տուն չունեն, եկամտի այլ աղբյուր՝ նույնպես։ Չեն օգտվում «Փարոս» համակարգից, նպաստ չեն ստանում։ Այժմ ապրում են Տորֆավանի բնակիչներից մեկի տանը։

«ժողովուրդ»–ը Ալբերտ Մարտոյանից տեղեկացավ որ նա ապրիլ ամսվա սկզբին դիրքեր բարձրանալու հրաման է ստացել, ինչն էլ կատարել է։ Սակայն դիրք բարձրանալու ժամանակ ուժգին ձնաբուք է սկսվել, ինչի արդյունքում 43-ամյա Մարտոյանի ոտքերը 4-րդ աստիճանի ցրտահարվել են։ «Իրեն անմիջապես բերեցին Վարդենիսի, ապա՝ տեղափոխեցին Մուրացանի հոսպիտալ։ Իսկ արդեն մայիսի 30– ին ոտնաթաթերը և կրունկները կտրեցին։ Ինքը հիմա չի կարողանում քայլել։ Ոչ մեկին չենք կարող խնդրել, որ գրկեն տեղափոխեն։ Ալբերտի ձախ ոտնաթաթի վերքը բացվել Է, ու արտադրություն է գալիս։ Ես էլ ամեն օր վիրակապերն եմ փոխում։ Բայց չնայած սրան՝ պետությունից ոչ մի օգնություն չենք ստացել։ Նույնիսկ այցելություններ չեն եղել։ Մեզ միայն այցելել է առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը»,– լացը հազիվ զսպելով՝ պատմեց Անին և հայտնեց, որ ամուսինը ոտնաթաթերն ու ոտքի կրունկները կտրվելուց հետո աշխատանքից ազատվել է։

Նշենք, որ Ալբերտ Մարտոյանը հաշմանդամության կարգ ստանալու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկա–սոցիալական փորձաքննության գործակալության տարածքային հանձնաժողով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։