կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-23 12:36
Իրավական

Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը րոպեներ առաջ հրապարակեց 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի վերաբերյալ դատավճիռը։

Դատարանը մեղավոր ճանաչեց Պերմյակովին և որոշում կայացրեց նրան դատապարտել ցմահ ազատազրկման։ Նշենք, որ մեղադրող դատախազը նրա համար ցմահ ազատազրկում էր պահանջել, Պերմյակովն ընդունել էր առաջադրված մեղադրանքը և հայտնել, որ զղջում է:  Ի դեպ, դատավորը վճիռը դժվարությամբ էր ընթերցում: Դատավճռից պարզ չդարձավ, թե որտեղ է Պերմյակովն իր պատիժը կրելու՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Ռուսաստանում:

Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (սպանություն), 5-րդ (սպանություն առանձին դաժանությամբ), 8-րդ կետերով (սպանություն շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը):

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 12-ին Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանի վճռով Պերմյակովը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման դասալքության, զենք գողանալու եւ ապօրինի զենք կրելու համար: