կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-19 23:00
Հասարակություն

Մեղրի և հատապտուղների փառատոն՝ Բերդում

Մեղրի և հատապտուղների փառատոն՝ Բերդում

Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը և Տավուշի մարզի Բերդի քաղաքապետարանը  օգոստոսի 21-ին կազմակերպում են 5-րդ ամենամյա «Մեղրի և հատապտուղների փառատոնը» Բերդ քաղաքում։

Փառատոնի նպատակն է նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը՝ խթանելով տեղական ապրանքատեսակների արտադրությունը, դիրքավորելով տարածաշրջանը որոշակի արտադրական բաղադրիչներով, նպաստելով բիզնես շփումներին, ձևավորելով բարենպաստ զբոսաշրջային միջավայր։

Փառատոնից տեղեկացնում են, որ այցելուները կարող են համտեսել տարածաշրջանի համեղ մեղրը, հատապտուղները և ավանդական խոհանոցի ուտեստները, ծանոթանալ ավանդական արհեստագործական մշակույթին, վայելել ավանդական երգն ու պարը։
«Մեղրի և հատապտուղների փառատոնը» տարածաշրջանի ամենախոշոր միջոցառումն է, և փառատոնին մասնակցությունը սահմանամերձ տարածաշրջանի բնակչությանը զորակից լինելու յուրովի միջոց է։ Բերդ քաղաքը՝ շրջակա 16 գյուղերի հետ հանդիսանում է Հայաստանի հյուսիս-արևելյան դարբասը և ունի 185 կմ սահման Ադրբեջանի հետ։
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան Հայաստանի պետական ջազային նվագախմբի և Նարեկացի նվագախմբի բարեգործական համերգները։
Փառատոնը կազմակերպվում է Վերածննդի երիտասարդներ հիմնադրամի, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։