կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-02 16:21
Հասարակություն

«Գոռում են` Սերժ, հեռացիր, բայց եւ չկա այն լիդերը, որին ժողովուրդը կհավատար»

«Գոռում են` Սերժ, հեռացիր, բայց եւ չկա այն լիդերը, որին ժողովուրդը կհավատար»

Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, ով անդրադարձավ զինված ապստամբության փորձին, ու դրան հաջորդած զարգացումներին: Նախ Ծատուրյանը իրեն բնորոշ սրամտությամբ հարցրեց, թե արդյո՞ք լրագրողների մեջ չկան քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Անդրադառնալով ստեղծված վիճակին, նա կարծիք հայտնեց, որ ստեղծվել է շատ դժվար վիճակ, որում ակնհայտ դարձան մի շարք աբսուրդ երևույթներ: Օրինակ` մեկ անձին պաշտպանող ոստիկանների թիվը ավելի շատ է , քան ամբողջ ազգին պաշտպանող սահմանին կանգնած զինվորների թիվը: Երկրորդ աբսուրդը այն է, որ եթե մարդը որոշում է հեղափոխություն անել, դա պետք է նախ ծպտյալ անել, նոր անցնել բացահայտ գործողությունների, բացի այդ հեղափոխությունը չի կարող արվել 30 հոգով, այլ 10 հազար հոգով պետք է արվի, այն էլ մինչև վերջ մտածված:

«Հեղափոխություն անել ՊՊԾ գրավելով` աբսուրդ է, իշխանություններն էլ կարող են ասել` դե նստեք այդտեղ որքան ուզում եք:Հիմա էլ մարդիկ դուրս են եկել հանրահավաքի, ու գոռում են` Սերժ, հեռացիր: Բայց պետք է չէ՞ մեկը լինի, որ նրան փոխարինի, չկա այն լիդերը, որին ժողովուրդը կհավատար»,-ասաց Նիկոլայ Ծատուրյանը ` հավելելով, որ ընտրությունների ժամանակ ժողովուրդը ծախվեց 10 հազար դրամով, բայց հիմա պահանջում է, որ նա հեռանա:

Մյուս կողմից, ըստ ռեժիսորի, Սերժ Սարգսյանը որդեգրել է մի քաղաքականություն, որը չես կարող անվանել մարդասիրական , քանի որ նա չի խոսում ժողովրդի հետ:

«Երբ դու արհամարհում ես ժողովրդին, ժողովուրդն էլ սկսում է ըմբոստանալ: Պարոն նախագահ, խնդրում, աղաչում եմ, խոսեք ժողովրդի հետ անընդհատ, բայց ոչ` դեմագոգիայով, թե էս ինչ լավ ենք ապրում, այլ` պատմիր, բացատրիր: Չկա դիալոգ ժողովրդի հետ, բայց չէ որ  վրեժի ու ցասման միջոցով ոչ մի հարց չի լուծվի: Ինչո՞ւ նախագահը չի  մտնում դիալոգի մեջ, այ էստեղ է  նրա  սխալը»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը :