կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-04 14:11
Քաղաքական

ԼՂ հարցում եկել է լուռ դիվանագիտության և գաղտնի մոտեցումների ժամանակը. ԵՄ դեսպան

ԼՂ հարցում եկել է լուռ դիվանագիտության և գաղտնի մոտեցումների ժամանակը. ԵՄ դեսպան

Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողներին ներկայացրեց ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության համաշխարհային նոր ռազմավարությունը: Այն հանգում է հետևյալին` ԵՄ-ն հավակնում է լինել առավել ուժեղ ու առավել ակտիվ գործել Կովկասում, մասնավորապես` Հայաստանում:

Հարցին, թե արդյո՞ք ԵՄ նոր ռազմավարության համատեքստում փոփոխություններ կլինեն ԼՂ հակամարտության կարգավորման մեջ, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց, որ վերջին ամիսները նոր ընթացք են հաղորդել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Ըստ դեսպանի` Վիեննայի գագաթաժողովը նոր գլուխ բացեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, վերջերս էլ նոր գագաթաժողով հրավիրվեց Սանկտ Պետերբուրգում:

«ԵՄ-ն լիովին սատարում է այս շրջանակում իրականացվող ջանքերին: Առաջատար դերը կատարում են ԵՄ-ն և ՄԽ համանախագահները: Վաղը ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը կգա Երևան` հանդիպելու ՀՀ նախագահի ու ԱԳ նախարարի հետ: Նրա այցելությունը վկայում է, որ ԵՄ-ն ցանկանում է լինել խաղաղության ջանքերին սատարող գործընկեր: Խելամիտ չէր լինի այդ ջանքերի մասին շատ խոսել, որովհետև եկել է լուռ դիվանագիտության ժամանակը, գաղտնի մոտեցումների ժամանակը: Հիմա հրապարակային դիվանագիտության ծավալման  ժամանակը չէ: Թող դիվանագիտությունն աշխատի: Ինչևէ, մենք օժանդակում ենք գործընթացի խաղաղ հանգուցալուծմանը միտված ջանքերին»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

Նա հավելեց, որ Վիեննայի գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները հարկ է ի կատար ածել, որովհետև այդ պայմանավորվածություններն են ուրվագծում փոփոխությունը դեպի դրականը: ԵՄ-ն, ըստ նրա, ցանկանում է ավելի մեծ ներդրում ունենալ ճգնաժամերի ու հակամարտությունների հաղթահարման գործում և պատրաստ է աջակցել խաղաղության, հաշտության որևէ տևական համաձայնագրի կնքմանը: