կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-21 10:42
Հասարակություն

Այսօր բուժաշխատողի օրն է

Այսօր բուժաշխատողի օրն է

Սիրելի՛ բուժաշխատողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և մասնագիտական հաջողություններ։ Այս տոնն արդարացիորեն վերաբերում է նաև նրանց, ովքեր բարձր են գնահատում սպիտակ խալաթ կրողի անձնվեր աշխատանքը:

Բժիշկները եզակի մասնագետներից են, ովքեր գործունեությունից առաջ երդվում են` պարտավորվելով բուժելուց զատ գթասրտությամբ վերաբերվել հիվանդին, չմոռանալ, որ գործ ունեն նրա կյանքի ու ամենաթանկ արժեքի` առողջության հետ։ Կոչումով բժշկին բոլոր ժամանակներում էլ բնորոշ է եղել անկեղծ կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը, հիվանդի ցավը խորապես վերապրելով` նրան մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ապաքինելը։ 

Ես ուզում եմ երախտիքի խոսք հղել մեր բազում այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ոլորտում աշխատող մեր գործընկերներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով գիշեր ու զօր իրենց կարևոր ներդրումն են ունենում մարդկանց կյանքի ու առողջության պահպանման գործում: 

Սովորաբար ես առանձնահատուկ շնորհավորում եմ այն բուժաշխատողներին, ովքեր տոնական օրն անցկացնում են վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում` հիվանդի մահճակալի կողքին, շտապ օգնության մեքենաներում, ինչպես նաև ռազմական բժիշկներին, ովքեր հոգ են տանում մեր երկրի անառիկությունը պահող հայ զինվորների առողջության մասին։ Բայց այս անգամ առավել մեծ երախտիքով ուզում եմ հիշել բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր մասնագիտական ու մարդկային բարձր մղումներով նվիրվեցին ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված զինվորների ու կամավորների ինչպես հիվանդանոցային, այնպես էլ` վերականգնողական բուժման գործին։

Հարգելի բարեկամներ, մեր գործունեությունը, սակայն, չի սահմանափակվում ամենօրյա մասնագիտական առաքելությամբ։ Մենք ձեզ հետ միասին ծրագրեր ենք իրականացնում բնակչությանը որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ ապահովելու, բուժհաստատություններն արդիականացնելու, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներ ներդնելու ուղղությամբ։ Իսկ վերջին տարիներին, աշխարհի շատ երկրների օրինակով, դեմքով շրջվել ենք դեպի հանրային առողջապահություն և գնում ենք բնակչության առողջությունը պահպանելու ու բարելավելու ճանապարհով։ 

Ունենալով մասնագիտական նման ներուժ՝ ես չեմ կասկածում, որ այս ոլորտում ևս մենք հաջողություններ ենք արձանագրելու։ Դրա վառ վկայությունը հունիսի 7­ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման շրջանակում Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի տրադրումն էր։ Բարձր այդ ամբիոնից հնչեց, որ վերջին 8 տարվա ընթացքում մեր երկրում ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում ստացած հղիներից ծնված երեխաների շրջանում մորից երեխային ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի գրանցվել։ Իհարկե, հպարտանալ կարելի է ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-Մունի այն բարձր գնահատականով, որ Հայաստանն օրինակելի երկիր է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրների շարքում։ Սա երկար տարիների քրտնաջան աշխատանքի, նպատակային ջանքերի ու հետևողական քայլերի արդյունք է: 

Հարգելի գործընկերներ, բուժաշխատողների տոնը 2016թ.-ին նշանավորվում է կարևոր մի նախաձեռնությամբ։ Մեկնարկում է ականավոր բժիշկ-գիտնական, պետական և հասարակական գործիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀ առողջապահության երկարամյա նախկին նախարար, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հիշատակը հավերժացնող մրցանակների շնորհումը։ Մեր մեծ ուսուցչի ընտանիքի աջակցությամբ ստեղծված հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ այս տարի «Էմիլ Գաբրիելյան» հատուկ մրցանակներ կշնորհի։ 

Սա եզակի այն օր է, երբ պետք է ազգովի շնորհակալություն հայտնենք բուժաշխատողներին։ Անկախ հասարակարգից ու քաղաքական իրավիճակից, անկախ այն բանից խաղաղություն է թե պատերազմ` բժիշկներն ու բուժաշխատողներն իրենց նվիրումով արժանի են բարձր գնահատականի։ 

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան