կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-17 20:59
Քաղաքական

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամներիn

Սերժ Սարգսյանն  ընդունել է ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամներիn

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանրապետության Նախագահը ողջունել է բանկի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն ևս մեկ անգամ վկայում է ԱԶԲ-ի հետ Հայաստանի ունեցած ամուր գործընկերային հարաբերությունների մասին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ԱԶԲ-ի գործունեությունը: Ընդգծելով, որ համագործակցության անցած ավելի քան մեկ տասնամյակում երկկողմ արդյունավետ փոխգործակցության արդյունքում բանկի կողմից Հայաստանի տնտեսության մեջ կատարվել են զգալի ներդրումներ, Նախագահը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի:

Զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ ֆինանսավորմամբ մեր երկրում մի շարք խոշոր ծրագրերի իրականացմանն ու հետագա համագործակցության ծրագրերին՝ նկատի առնելով ՀՀ տնտեսության առաջնահերթությունները:

Հանրապետության Նախագահը հավաստիացրել է, որ մեր երկրում իրականացվող բարեփոխումները և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը շարունակական կլինեն:

Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի ներկայացուցիչները բարձր են գնահատել արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունների պայմաններում Հայաստանի վարած խելամիտ մակրոտնտեսական քաղաքականությունը և դրա արդյունքում արձանագրված ցուցանիշները: Նրանք ընդգծել են, որ բանկը շարունակելու է Հայաստանի բարեփոխումների օրակարգին օժանդակությունն ու տնտեսության զարգացմանը նպաստելու առաքելությունը:

Հանդիպմանը ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամներն իրենց մոտեցումներն ու գնահատականներն են ներկայացրել բանկի հետ Հայաստանի 2014-2018թթ. գործընկերության ռազմավարության շրջանակներում իրականացված և ընթացիկ ծրագրերի մասին: