կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-13 15:50
Քաղաքական

Իշխանությունը լա՞վն է, թե՞ վատը՝ կասի ժողովուրդը մեկ տարի անց. Շարմազանով

Իշխանությունը լա՞վն է, թե՞ վատը՝ կասի ժողովուրդը մեկ տարի անց. Շարմազանով

Այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, նշեց՝ կոռուպցիայի դեմ պայքարը երեկ չէ, որ սկսվել է, և այսօր կամ վաղը չէ, որ պետք է ավարտվի: Ըստ նրա` կոռուպցիան լրջագույն մարտահրավեր է մեզ համար: «Մեկ անգամ չէ, որ ասել ենք` իշխանությունն ունի քաղաքական կամք` լուծելու այդ խնդիրները, դա փաստ է: Կարևոր է, որ իշխանությունն ինքը գիտակցել է, որ Հայաստանում կան մի քանի մարտահրավերներ, և այդ մարտահրավերներից մեկը կոռուպցիան է»,- ասաց Շարմազանովը:

Նրա կարծիքով` կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները չեն կարող շատ վաղ տեսանելի լինել, այդ պայքար երկարատև պրոցես է, և պետք է հետևողական աշխատել այդ ուղղությամբ:

Շարմազանովը նշեց նաև, որ հարկային օրենսգրքի վերաբերյալ կարծիքներն իրենց կուսակցությունում միանշանակ չեն, և դա նորմալ է: «Դա ներկուսակցական ժողովրդավարություն է, բազմակարծություն, իսկ ներկուսակցական ժողովրդավարությունը մենք խրախուսում ենք»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակը կարծում է նաև, որ հարկային օրենսգիրքն առաջին ընթերցմամբ կընդունվի: «Դրանից հետո երկու ամիս կա, կառավարությունը պատգամավորների հետ կաշխատի, կբարելավի, և մենք կընդունենք օրենք, որը կբխի մեր պետության և քաղաքացիների շահերից»,- ասաց նա:

Շարմազանովի խոսքով` պետք չէ  վախենալ բազմակարծությունից, դեբատներից, և նա մտավախություն չունի, որ կարծիքների բախումից կառաջանա ներկուսակցական խնդիր: Շարմազանով շեշտեց, որ իշխանությունն ամուր է, համախմբված է Սերժ Սարգսյանի շուրջը, և իշխանությունը քայլ առ քայլ իրականացնում է իր վրա դրած պարտականությունները, իսկ լավ, թե` վատ, դա կասի ժողովուրդը մեկ տարի անց` խորհրդարանական ընտրություններին: