|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Արդեն որերորդ անգամ է` հայտնի մարդկանցից մեկի ժառանգները հանդես են գալիս բաց նամակով, թե ինչ-որ միջոցառման ժամանակ ոչ թե իրենք են լինում առաջին դեմքը, այլ մեկ այլ ժառանգ:
Այսօր Նժդեհի ժառանգները բաց նամակով են հանդես եկել: Նրանք դիմում են ՀՀ քաղաքապետ Տարոն Մարգարյանին` նշելով, որ արձանը բացել են ոչ թե Նժդեհի իրական թոռները, այլ Նժդեհի քրոջ թոռը: «Նրան պատվի արժանացրին Ձեզ հետ միասին բացելու Նժդեհի հուշարձանը»,- գրված է նամակում:
Այս օրերին ակտիվ քննարկվում է Նժդեհի արձանի գեղագիտական տեսքը, քանդակի` Նժդեհին նման լինել-չլինելու հարցը, արձանի տեղադրման վայրը, բայց պարզվում է` այս ամենն ամենևին էլ կարևոր չէ, կարևորն այն է, թե ում է բախտ վիճակվել քաղաքապետի հետ բացելու արձանը: Մի գաղտնիք էլ ասեմ` տարիներ անց ոչ ոք չի էլ հիշելու, որ Նժդեհի արձանը Տարոն Մարգարյանն է բացել, ուր մնաց` Նժդեհի թոռան և ծոռան` արձանը բացելու փաստը հիշեն:
Սրանից առաջ էլ Թաթուլ Կրպեյանի եղբայրներն ու քույրն էին հանդես եկել բաց նամակով, որ հերոսի այրին վաղուց արդեն ընտանիք է կազմել, բայց շարունակում է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում լինել` ներկայացվելով իբրև Կրպեյանի այրի:
Կներեք, իհարկե, բայց ամենևին էլ կարևոր չէ` ո՞վ է այս դեպքում ճիշտ կամ սխալ, որովհետև ընտանեկան ներքին կռիվներում կողմերը միշտ ունենում են իրենց հակափաստարկները, բայց ցավն այն է, որ ընտանեկան կռիվները հանրայնացվում են բավական չէ, մի բան էլ ասոցացվում են հերոսների անվան հետ:
Նժդեհը, Թաթուլ Կրպեյանը և մեր մյուս մեծերը հայտնի են հանրությանը ոչ թե իրենց ժառանգների միջոցով, այլ հենց` որպես Նժդեհ ու Թաթուլ Կրպեյան: Ի դեպ, երբ ինչ-որ մեկն իր պապի կամ որևէ հարազատի, ընկերոջ, ծանոթի համար ինչ-որ լավ գործ է անում, կարծում եմ, դա չի անում հանրությանը ցուցադրելու համար, եթե, իհարկե, գլխավոր նպատակը հենց դա չի լինում:
Հավատացեք` տհաճ է, երբ կենցաղային, ընտանեկան հարցերը փորձում են լուծել բաց նամակի միջոցով, քանզի հանրությանը, կներեք, իհարկե, բայց ամենևին էլ չի հետաքրքրում` թո՞ռը, թե ծո՞ռն է բացել Նժդեհի արձանը, կարևորը փաստն է` Երևանում կանգնեցվել է Նժդեհի արձանը: Ձեզ համար գուցե կարևոր է այն, ինչ մեզ համար էական չէ, բայց, հավատացեք, մեզ համար տհաճ է. տհաճ է, երբ նման խոսակցություններ ենք ուզած-չուզած լսում, ինչպես ասենք` տան պատի բարակության պատճառով երբեմն հարևանի տան խոսակցություններն ենք լսում:
Ի վերջո, առաջին պլանում երևալու փոխարեն, բավական լուրջ խնդիրներ կան լուծելու, օրինակ` այն, որ հերոսներին տարվա մեջ հիշում են միայն երկու օր` մահվան և ծննդյան օրերին, իսկ հիշելիս էլ կազմակերպված միջոցառումների բովանդակությունը հանդեսից այն կողմ չի ձգվում:
Ինչևէ, հուսանք` առաջիկայում սպասվող բաց նամակների բովանդակությունը բովանդակալից կլինի:
Կարինե Հարությունյան