կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-02 14:01
Իրավական

Զինկոմիսարիատի պետը 3 տարով տարկետման համար 12 հազար դոլար կաշառք է պահանջել. Քննչականը մանրամասներ է ներկայացնում

Զինկոմիսարիատի պետը 3 տարով տարկետման համար 12 հազար դոլար կաշառք է պահանջել. Քննչականը մանրամասներ է ներկայացնում

ՀՀ ՊՆ զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շ.Ավետիսյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։ Քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հունիսի 1-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ  որդու պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնելու հարցերով 2016թ. մայիսի սկզբներին գնացել է զինկոմիսարիատ, որտեղ նույն զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետը պահանջել է 12 հազար դոլար կաշառք՝ որդուն 3 տարի ժամկետով տարկետման տրամադրումը կազմակերպելու համար։

Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար։ Իրականացված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում պահանջված գումարի մի մասը՝  նախապես մշակված 5.000 ԱՄՆ դոլարը, հունիսի 1-ին տրվել է քաղաքացուն, ինչը վերջինս նույն օրը երեկոյան փոխանցել է բաժանմունքի պետին՝ պայմանավորված վայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ 

Օրենքով սահմանված կարգով Շ.Ավետիսյանի ավտոմեքենայում իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկա հանդիսացող 5.000 ԱՄՆ դոլարը: Շ.Ավետիսյանը ձերբակալվել է և հարցաքննվել։

Նախնական քննության տվյալներով՝ զորակոչի տարիքի հասած երիտասարդն ունեցել է առողջական խնդիրներ՝ հարթաթաթություն և նյարդային խանգարում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Քննութան արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։