Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոռուպցիայի դեմ պայքար սկսելու և պետական ապարատն օպտիմալացնելու` կառավարության քայլերին լուրջ չի վերաբերվում: Այսօր խորհրդարանում նա լրագրողներին նշեց, որ նման եզրահանգման է եկել՝ հաշվի առնելով ծառայողական մեքենաները կրճատելու որոշումը: Ըստ Բագրատյանի՝ պետական ծախսերի կրճատումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:
«Որովհետև այդ ծախսերը կարող ա կրճատես ու ավելի վատ՝ խնայած փողն ավելի վատ ծախսես: Այսօր դու 700 մարդու աշխատավարձ ես տալիս, էդ մարդն էլ գնում, պոմիդոր է առնում, վաղը չես տալու 700 հոգուն էդ աշխատավարձը»,- ասաց նա:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ այլևս մենաշնորհ չլինելու մասին հայտարարությանը, Բագրատյանը պատասխանեց, թե հայտարարությունը նոր է, և այդ հարցին իրենք կանդրադառնան մեկ ամիս հետո:
«Բայց ես ուզում եմ խոսել երեք կարևոր հարցերի մասին՝ վերացնել արտահանման մենաշնորհը, վերացնել ներմուծման մենաշնորհը և հանել մաքսային հսկիչ գները սահմանին: Եթե դրանից որևիցե մեկը չես անում, կարող ես ոչինչ չանել»,- ասաց նա:
Բագրատյանը նշեց նաև, որ մասնակցել է վարչապետի հետ հանդիպմանը և ներկայացրել առաջարկներ, բայց չի կարող ասել` կընդունվեն, թե` ոչ:
«Եվ հետո` հերիք չի՞ մենք իրանց տեղը առաջարկ անենք, թող իրենք մտածեն` ինչ են անելու, հենա մենք գանք իշխանության, անենք, էլի»,- ասաց նա և նշեց, թե իր` իշխանություն եղած տարիներին մեկ կոռուպցիոն դեպք չի եղել, ուստի իրենք էլ պետք է գան իշխանության:
Դիտարկմանը, թե` ասում են` կոռուպցիոն համակարգի հիմքերը դրվել են հենց իրենց իշխանության օրոք, Բագրատյանը արձագանքեց. «Սուտ են ասում, ասում են` մոնոպոլիաները մեզանից են: Ով, մեկի անուն թող ասեն մեր ժամանակ, ասելով չի: Հիշո՞ւմ եք մազութի գործ էին ասում, հետո մրմռացին: Թիվ ասեք` ով է Բագրատյանի օրոք մոնոպոլիա ունեցել»:
Դիտարկմանը, թե պնդում են, որ այսօրվա օլիգարխները Բագրատյանի ժամանակվա աճեցրած օլիգարխներ են, նախկին վարչապետը պատասխանեց. «Բա կենդանի էին, չենք սպանել, հիմա ցանկացած օլիգարխի կարող ենք ասել` էն ժամանակ ինքը կենդանի էր, այ քեզ բան: Միանշանակ` ոչ, մենք չենք աջակցել, այդպես լիներ, ամենահարուստ օլիգարխը ես կլինեի»: