կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-24 17:13
Հասարակություն

Հայ զինվորին հասանելիք սնունդը վաճառվում է լեհական խանութներից մեկում (լուսանկարներ)

Հայ զինվորին հասանելիք սնունդը վաճառվում է լեհական խանութներից մեկում (լուսանկարներ)

Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և գրառում արել այն մասին, որ Լեհաստանում վաճառքի է հանված ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով «ԷԼԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ընկերությունում արտադրված սննդամթերք, որը վաճառքի ենթակա չէ: Գալիկյանը գրել է. «Ընկերներիցս մեկը մի բան գրեց, որը չեմ կարողանում մարսեմ: Փաստորեն, իմ 8 տարեկան երեխան իր բուֆետի փողը հավաքում է, որ սնունդ ու անհրաժեշտ պարագաներ ուղարկի զինվորներին, շատ մարդիկ իրենց վերջին լուման են դնում, որ ինչ-որ կերպ աջակից լինեն սահմանին կանգնած զինվորներին, ու բանից պարզվում է, որ Լեհաստանի Bielsko Biala քաղաքի խանութներից մեկում վաճառվում են պահածոներ, որոնց պիտակների վրա հայերեն տառերով գրված է՝ վաճառքի ենթակա չեն և համարվում են զինվորի բաժին, իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Ի դեպ, աշխատողը, իմանալով, որ ընկերս հայ է, խնդրել է թարգմանել պիտակի վրայի գրածը»: «Ի դեպ, ասացին, որ այս ամենը զինվորական համազգեստի հետ միասին արժի 500 զլոտի, այսինքն՝ 160 դոլար: Խնդրում եմ համապատասխան կառույցներին, այս ամենը տեսնելով, կատարել համապատասխան ուսումնասիրություն»:

Yerkir.am-ին հաջողվեց պարզել, որ տվյալ խանութը կոչվում է «ARMY SHOP» և այնտեղ վաճառվում են տարբեր երկրների զինվորական համազգեստներ` իրենց հավաքածուներով: Տվյալ խանութում օրապահիկը վաճառքի է հանվել, այսպես ասած, ակցիայով` հաճախորդները, գնելով հայկական զինվորական հագուստ, որպես նվեր, կարող են ստանալ օրապահիկ:

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ օրապահիկը, որպես կանոն, տրվում է սպաներին և կամավորներին, և չի բացառվում, որ ինչ-որ մեկը զորացրվելուց հետո այն հանել է վաճառքի, սակայն եթե պարզվի, որ տվյալ խանութում ոչ թե մեկ, այլ մեկից ավելի նման հավաքածու կա, ապա դա կարող է դիտվել որպես գողություն: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ խնդրով հետաքրքրված են և կպարզեն եղելությունը:

Yerkir.am-ն ուշադրության կենտրոնում կպահի այս թեման` առաջիկայում փորձելով խնդրի վերաբերյալ տեղեկություն ստանալ նաև արտադրող ընկերությունից և Լեհաստանում ՀՀ դեսպանությունից:

\"\"

\"\"\"\"