կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-04 15:10
Արցախ

Թող իմ ձեռքիս էլ զենք ինի, քինամ թորքեն յիրա անիմ. 75-ամյա արցախցի կինը պահանջում է զինել իրեն

Թող իմ ձեռքիս էլ զենք ինի, քինամ թորքեն յիրա անիմ. 75-ամյա արցախցի կինը պահանջում է զինել իրեն

Ստեփանակերտցի 75-ամյա Լիդա Դադայանի տղան զոհվել է Արցախյան առաջին պատերազմում, հիմա էլ զոհված տղայի երեք որդին են գտնվում առաջնագծում. մի թոռնիկը ծառայում է «Եղնիկներ»-ում, մեկը` Արցախի հակաօդային պաշտպանության զորքերում, մյուսի մասին էլ դեռ տեղյակ չէ, թե ուր են տարել: Ավելին` 75-ամյա կինը գնացել ու գրանցվել է Արցախի «Հայրենյաց միություն» կազմակերպությունում, որ գնա «Եղնիկներ» զորամաս:

«Արյունս ճյուր ըմ ըրալ, իրեք յեթիմ պահալ, խե՞ պիտի մհենգ էլ թոռնիկներս զոհվին, թորքեն հետե զոհվին՞, չէ, տի պեն չկա: Ասալ ըմ` քինամ  «Եղնիկներ», գոնե մի վիրակապություն անիմ, զինվորների վնները կլվանամ, հաց կսարքիմ մեր զինվորների հետե: Մունք ազգովի կանգնած ընք մեր հողը պաշտպանելու համար, մուքն մեր հողում պիտի մնանք, վսյո»,- ասում է Լիդա Դադայանը` պահանջելով իշխանություններից «իսկական ձևով ու միանգամից» լուծել Արցախի հարցը, որովհետև տարիներ շարունակ արցախցին անհանգիստ է պառկում քնելու, և դա չի կարող անվերջ շարունակվել:

Լիդա Դադայանը հիշում է`Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանը կիրառեց «Գրադ», մինչև արցախցիները «սովորեցին» «Գրադ»-ին, հիմա էլ զավթիչը կատարելագործել է իր զենքերը  և պայթող անօդաչու սարքեր ու «Սմերչ» է կիրառում խաղաղ բնակչության նկատմամբ:

Լիդա Դադայանը ծնվել ու մեծացել է Արցախում: Նա հիշում է, որ Արցախում ապրող ադրբեջանցի չի եղել, բայց 70-ականներին նրանք սկսեցին լցվել Արցախ ու գրավել ղեկավար պաշտոնները: Արցախցի կինը պատմում է, որ ադրբեջանցիները հատուկ այնպես էին անում, որ արցախցիներն իրենցից ամենափոքր հարցերում անգամ կախվածության մեջ  լինեն, անգամ ջուր կամ լիմոն գնելու համար պիտի հասնեին ադրբեջանական քաղաքները:

«Հիմա մենք անկախացալ ընք, ճյուրն էլ օնինք, լիմոնն էլ օնինք, շուկան էլ օնինք,  ամեն ինչ էլ օնինք, խե՞ չըն թողում, վեր ապրինք: Հողը մերն ա, մունք ստեղ ընք, սա մեր տոնն ա, նա կյամ ա մեր տոն մտնում, վեր մեզ կտորե, սպանի, նա հո՞ւվ ա: Տա հնարավոր պեն ա՞, տի պեն կինի՞: Առաջ թորքեն սալդատ չըն յեր կալալ վեչ մին տեղ: Թող աշխարհը իմանա, վեր Արցախը հայինն ա իլալ, կա ու կմնա: Մունք միասին կպայքարինք, միասին էլ ստեղ կմեռնինք` մինչև օրորոցի խոխան: Իմացա՞ք»,- վրդովված պատմում է Լիդա Դադայանը:

Արցախցի կինը շարունակում է` տե'ս` ինչքան անպետք ցեղ են, որ հայի ականջն են կտրում, աչքը հանում, մեծահասակ մարդկանց խոշտանգում, նույնիսկ գերմանացի ֆաշիստները նման բաներ չեն արել:

Լիդա Դադայանը գնահատում է Արցախի իշխանությունների ջանքերը, որ միանգամից հանձն են առել փոխհատուցել ավերված տների բնակիչների վնասները և օգնել վերակառուցել տները, բայց վստահ է, որ դրանից առավել ու դրանից  կարևոր բան կա. «Մեզ զենք է հարկավոր»: Նրա համոզմամբ` եթե զենք լինի, մեր զինվորներին հասնող չի լինի: 75-ամյա կնոջն կոչն է աշխարհի հայությանը, որ օգնեն միմիայն զենքի հարցով, հայկական բանակը զինելու հարցով:

«Թող իմ ձեռքիս էլ զենք ինի, հի՞նչ ա իննական, պա մըծ կնեգ ըմ, քինամ յիրա անիմ: Դաստի կկտորեմ տրանց… Տա ազգ չի, տրանք գազաններ ըն»,- ասում է Լիդա Դադայանը` հայտարարելով, ադրբեջանցին զինվոր չի կարող լինել, «դրանք Իսլամական պետության գազաններ են»:

Նա վերջում խնդրեց շեշտել այն, որ իրենք շատ են սիրում իրենց նախագահին` Բակո Սահակյանին: