կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-22 14:09
Քաղաքական

Բանակցել՝ չի նշանակում զիջել. վարչապետ

Բանակցել՝ չի նշանակում զիջել. վարչապետ

Բանակցել` չի նշանակում զիջել, բանակցելը, երկխոսելը շատ լավ մշակույթ է ձևավորում. այսօր լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով ընդդիմության հետ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումներին:

Հարցին, թե, փաստորեն, իշխանությունները պատրա՞ստ են զիջումների, որ համաձայնեցին բանակցել ընդդիմության հետ, վարչապետը պատասխանեց, որ բանակցել` նշանակում է ընդդիմությանը լսել և ողջամիտ առաջարկությունները ընդունել:

Դիտարկմանը, թե Լևոն Զուրաբյանն ասել է, որ փորձելու են ճնշել իշխանությանը, որ սկզբունքային զիջումների գնան,  Աբրահամյանը պատասխանեց, թե իրենք միշտ ականջալուր են  ցանկացած առաջարկության: «Կխնդրեի` մշակույթն ու ճնշումը տարանջատենք իրարից: Բանակցելը ձևավորված մշակույթ է, և մենք բոլոր հարթակներում պատրաստ ենք  յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն, որ կհնչեցվի ընդդիմության կողմից, քննարկել»,- նշեց նա:

Ճշտող հարցին, թե, փաստորեն, բանակցելը ձևական բնո՞ւյթ է կրում, քանի որ ուղղակի քննարկումներ են լինելու, վարչապետը պատասխանեց. «Դուք եք այդպես ձևակերպում: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր ընդդիմության յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության»:

Դիտարկմանը, թե` Զուրաբյանն ակնարկել էր, որ «Ոչ»-ի շտաբն եք ֆինանսավորել, վարչապետը պատասխանեց, որ եթե Զուրաբյանը հստակեցնի իր ակնարկը, ինքն այդ ժամանակ էլ կպատասխանի հարցին: