կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-14 13:12
Քաղաքական

Անընդհատ ինձ չեմ տարանջատելու Քոչարյանից. Օսկանյան

Անընդհատ ինձ չեմ տարանջատելու Քոչարյանից. Օսկանյան

ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր խորհրդարանում պատասխանեց լրագրողների` իր կուսակցությունը ստեղծելուն վերաբերող հարցերին:

Հարցին` ԲՀԿ խմբակցությունից դուրս կգա՞ք, քանի որ ստեղծում եք կուսակցություն, նա պատասխանեց, որ այդ հարցը չի քննարկում` էթիկայի կանոններից ելնելով:

Մեկ այլ հարցի` կուսակցություն ստեղծելը ենթադրո՞ւմ է, արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն, Վարդան Օսկանյանը ասաց, թե կապ չունի, բայցեւ հավելեց. «Ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից»,- ընդգծեց նա` հավելելով, որ համագործակցություն լինելու է տարբեր քաղաքական ուժերի հետ: 

Պատգամավորն անդրադարձավ նաև ԲՀԿ-ն ինտենսիվորեն լքող պատգամավորների` հետագա քաղաքական հանգրվանն իր կուսակցությունում գտնելու հնարավորությանը:

«Ես հիմա կխուսափեի անուններ տալ, թե ովքեր են լինելու կուսակցությունում: Վերջնական որոշում, որ կայացվի, անպայման կիմանաք: Անշուշտ, պատգամավորներ էլ են կան»,- ասաց նա:

«Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը լինելո՞ւ են կուսակցության կազմում» հարցին, Օսկանյանը պատասխանեց, որ այս պահին ո\'չ հերքում է, ո\'չ էլ հաստատում այդ ամենը: 

Հարցին, թե ՀԱԿ-ի հետ և՞ս կլինի համագործակցություն, դրական պատասխան տվեց:

Հարցին, թե խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ տարի առաջ կուսակցություն բացելն արդյո՞ք արդյունավետ է, Օսկանյանը վստահեցրեց, որ մեկ տարին լրիվ բավարար է՝ ծրագրեր ներկայացնելու համար: